Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին ազգային տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 17, 24News

նիկոլ փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադին՝ Սիրիայի Ազգային տոնի առթիվ: Այս մասին տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից։ 

«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության Ազգային տոնի առթիվ:

Համոզված եմ, որ բազմադարյա պատմություն ունեցող հայ-սիրիական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների:

Լիահույս եմ, որ Սիրիան, հաղթահարելով ճգնաժամի դժվարությունները, շուտով կթևակոխի վերականգնման և ծաղկման շրջան:          

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և կայունություն»,- ասված է ուղերձում։