Վանգայի ինտուիցիայի վրա հույս չէի դնի, երբ մարդիկ գործազուրկ են դառնալու․ Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 17, 24News

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն հստակ համոզմունքով դեմ է քվեարկելու «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծի նախագծին։

Նա մինչ այդ ասաց, որ ներկայացված օպտիմալացմանը որևէ հիմնավորում չբերվեց, բացի ինտուիցիայից։ «Այսինքն` օպտիմալացումը կատարվում է՝ ապավինելով կառավարության ինտուիցիային, ես չեմ ուզում կասկածի տակ դնել կառավարության կամ առանձին անդամների ինտուիցիան,  բայց հատկապես այս դեպքում, երբ գործ ունենք մարդկային ճակատագրերի հետ, քաղաքացիների, որոնց մի մասը գործազուրկ է, մյուսն էլ այս օպտիմալացման հետևանքով գործազուրկ կդառնա, ես անգամ Վանգայի ինտուիցիայի վրա հույս չէի դնի»,-ասաց նա։

Նաիրա Զոհրաբյան նշեց, որ իրենց հարցին ոչինչ չասվեց, թե որքան գումար է խնայվելու օպտիմալացման արդյունքում։ Նա նկատեց, թե պատասխանում են, որ ռեզերվում են նստելու, բայց ոչ ոք չի կասկածում, որ նստելու են հավերժ։

Պատգամավորը, մասնավորապես, Մշակույթի նախարարության տարալուծմանն անդրադարձավ և նշեց, որ եթե ՀՀ-ն այսօր ունի եզակի մրցունակ համաշխարհային բրենդ, դա մշակույթն է։ Նա նկատեց, որ եթե նախկինում այս կառույցի ղեկավարների գործառույթը մշակույթի գործիչների «պանիխիդան» կազմակերպելն էր, դա նույնիսկ պատճառ չպետք է դառնար Մշակույթի նախարարության դուռը փակելու։

«Քանի որ չտրվեցին մեզ համար կարևոր հարցերի պատասխանները, որն է պատճառը, որևէ արդյունավետության ցուցիչ չտրվեց, չասվեց, թե որքան գումար է խնայվելու, և պահեստային նստարանին նստեցնելով գործազուրկներին, ինչ է լինելու այդ մարդկանց ճակատագիրը, ԲՀԿ-ն ոչ թե ինտուիցիայով, այլ հստակ համոզմունքով դեմ է քվեարկելու առաջարկված նախագծին»,-հայտարարեց նա։

Տեսանյութեր

Live

Լրահոս