Հարավային Ուելսի վարչապետը ելույթ կունենա Հայոց ցեղասպանության տարելիցի հիշատակի երեկոյին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 17, 24News

դգսհւիհ

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի նորընտիր վարչապետ Գլեդիս Բերեջիքլյանն ապրիլի 24-ին Սիդնեյում ելույթ կունենա Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկոյի ընթացքում: Միջոցառումը կազմակերպել է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:

«Մեզ համար մեծ պատիվ է, որ Հայոց ցեղասպանության ազգային հիշատակի երեկոյին մեզ իր ներկայությամբ կպատվի վարչապետ Գլեդիս Բերեջիքլյանը: Զարմանալի չէ, որ նախորդ ամիս պատմություն կերտած վարչապետի՝ հայկական հարցը հիշելու ու առաջ մղելու հանձնառությունը շարունակում է լինել ավելի ուժեղ, քան երբևէ»,- ասվում է հանձնախմբի հայտարարության մեջ:

Երեկոյի ընթացքում ելույթ կունենա նաև Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Մելանի Օ՛Բրայանը:

Մարտին ավստրալահայ գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը Նոր Հարավային Ուելս նահանգում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հաղթանակ էր տոնել՝ դառնալով առաջին կին գործիչը, ով ընտրվել է նահանգի վարչապետի պաշտոնում:

Գլեդիս Բերեջիկլյանը Նոր Հարավային Ուելսի վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականից: Այդ ժամանակ Լիբերալ կուսակցության առաջնորդ Մայք Բայրդը հրաժարական էր տվել, և կուսակցության անդամները միաձայն նոր առաջնորդի և նահանգի ղեկավարի պաշտոնում ընտրել էին հենց Բերեջիկլյանին: