Միջին օղակները դիմադրում են, պետք է պատճառները հասկանամ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 17, 24News

Nikol-Pashinyan-634x445

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ տեղյա՞կ է արդյոք, որ պետությունը բողոք է գրել վարչական դատարանի որոշման դեմ և «Գալա» հեռուստաընկերությանը 25 մլն տուգանքը չի ցանկանում հետ վերադարձնել։

Նա նախ հիշեցրեց պատմությունը՝ նշելով, որ 2007թ-ի հոկտեմբերի 17-ին Գյումրիում Նիկոլ Փաշինյանը «Գալային» հարցազրույց է, տվել, որից հետո «Գալայի» դեմ բռնարարքների շարք է սկսվել ԱԱԾ-ի կողմից, գովազդատուներին են վախեցնել, 25 մլն դրամ տուգանք են նշանակել, որը վճարվել է կազմակերպված դրամահավաքի միջոցով։

Այնուհետև նա հիշեցրեց, որ «Գալան» դիմել է ՄԻԵԴ, որտեղ էլ որոշվել է, որ տեղի է ունեցել խախտում, որի հիման վրա վերացվել է տուգանքի ակտը։ «Բայց տեղի է ունեցել զարմանալի բան է, պետությունը բողոք է գրել վարչական դատարանի որոշման դեմ։ Վարչական դատարանն էլ ասել է, որ  ԱԱԾ-ն ինչ ասել է, էդ էլ արել ենք, ի՞նչ անենք։ Հիմա էլ պետությունը բողոքում է՝ 25 մլն դրամ չենք ուզում վերադարձնել։ Հիմա որպես պետություն, տեղյա՞կ եք, ինչպես է որոշվել նման բողոք բերել»,-հարցրեց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առաջին անգամ է լսում այդ մասին, թեև նկատեց, որ նման իրավիճակների մասին առաջին անգամ չէ, որ լսում է։ «Ենթադրում եմ, որ վարչական բողոքը գրել են նույն մարդիկ, ովքեր ստուգումը ձեռնարկել են, գուցե նրանց ռեակցիան բնական է, համաձայն եմ՝ իներցիոն երևույթները բնական չեն արդի պայմաններում»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրականում ոչ մի ողբերգություն չկա, խնդիրը լուծելիության տիրույթում է, բայց որոշակի պարզաբանումներ ստանալուց հետո կոնկրետ ու առարկայական հարցին կպատասխանի։

Մարուքյանը արձագանքեց․ «Հետ կվերցնե՞ք բողոքը, թե՞ չէ»։

Վարչապետն արձագանքեց՝ ճիշտ չէ հարցի բոլոր հանգամանքներին ծանոթ չլինելով վերաբերմունք ասել։ «Իմ վերաբերմունքը գիտեք, գաղտնիք չկա, բայց թույլ տվեք ամբողջական պարզաբանում ունենալ, նոր պատասխանել։ Մի բան կարող եմ գլոբալ առումով ասել՝  բացառում եմ, որ ՀՀ-ում որևէ լրատվամիջոց քաղաքական հետապնդման ենթարկվի»,-ասաց նա։