Զե´րծ մնացեք գլխավոր դատախազի խոսքը նենգափոխելու փորձերից. Գոռ Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը իր ֆեյսբուքյան էջում հատված է հրապարակել յոթի գործով դատական ակտից՝ խորհուրդ տալով ընթերցողներին՝ դատելու, թե ինչի հիման վրա են դատախազները 2009թ․ մարտի 31-ի որոշմամբ 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումից հրաժարվել՝ փորձելով, թերևս հակասություն գտնել, իսկ ավելի ճիշտ՝ ստեղծել ՀՀ գլխավոր դատախազի՝ այսօր լրագրողներին տված ճեպազրույցում խնդրո առարկայի վերաբերյալ ներկայացրած հիմնավորումների հետ:

Նախ՝ պետք է շնորհակալություն հայտնեմ հարգելի պաշտպաններին՝ դատական ակտի այդ հատվածը հրապարակելու համար, քանի որ այդպիսով ակնհայտ են դարձրել, որ դրանում իսկապես չկա որևէ մեկնաբանություն, թե ինչո՞ւ է նշված իրավանորմը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով հանդիսանում պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակը վատթարացնող:

Ուստի հորդորում եմ մեր գործընկերներին իրենց մեկնաբանություններում զերծ մնալ մանիպուլյացիոն հնարքներից, ՀՀ գլխավոր դատախազի խոսքը նենգափոխելու փորձերից և ուշադիր ընթերցել կամ դիտել ՀՀ գլխավոր դատախազի՝ այդ առթիվ արտահայտած մտքերը, որոնք տարընթերցումների տեղիք չեն տալիս:

ՀՀ գլխավոր դատախազը ոչ թե հերքում է 2009թ. կայացված դատական ակտում դատախազների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասին հղում կատարելու իրողությունը (տեսանյութում գլխավոր դատախազը հենց նույն նորմն է վկայակոչում), այլ նշում է, որ տրված չեն ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը նախկին 300-րդ հոդվածի համեմատ պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակը վատթարացնող գնահատելու պարզաբանումները և հիմնավորումները՝ վերը նշված նորմի բառացի մեջբերմամբ: Որոշումից փաստաբանների ներկայացրած հատվածը նշվածի ակնհայտ վկայությունն է»: