ՀՀ դեսպանը կարևորել է հարավամերիկյան շուկայի՝ MERCOSUR-ի շրջանակներում Արգենտինայի փորձը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

1

Բուենոս Այրեսում ՀՀ դեսպանությունում ապրիլի 16-ին դեսպան Էսթերա Մկրտումյանն ընդունել է Արգենտինայի Միգրացիայի հարցերով ազգային տնօրեն Խոսե Օրասիօ Գարսիային (José Horacio García):

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են միգրացիայի ոլորտում երկու պետությունների միջև համագործակցության հեռանկարները, ներառյալ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:

Անդրադառնալով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը և այդ շրջանակներում աշխատանքային միգրացիայի կազմակերպման մեխանիզմներին և կարգավորումներին՝ ՀՀ դեսպանը կարևորել է հարավամերիկյան շուկայի՝ MERCOSUR-ի շրջանակներում Արգենտինայի փորձը և պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքներ իրականացնել երկուստեք փորձի փոխանակման նպատակով արգենտինացի պաշտոնյայի այցը Հայաստան կազմակերպելու ուղղությամբ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Արգենտինայում և Հայաստանում միգրացիոն տարաբնույթ հոսքերին, միգրանտների և փախստականների ինտեգրման քաղաքականություններին և իրականացվող ծրագրերին։