Թաթուլ Հակոբյանը ներկայացրել է իր տեսլականը ՀՀ-ում հավատարմագրված եվրոպական դեսպաններին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

1

Ապրիլի 17-ին արտաքին գործերի նախարարությունը Հայաստանում հավատարմագրված եվրոպական տարածաշրջանային երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին է ներկայացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրված թեկնածու Թաթուլ Հակոբյանին: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում ՀՀ թեկնածուի առաջադրմանը անդրադարձել են ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ մանրամասն ներկայացնելով առաջադրման հիմնավորումները և թեկնածուի մասնագիտական որակները:

Արտակ Ապիտոնյանն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի գործունեությանը միջազգային կազմակերպություններում և ՀՀ կողմից տարբեր մարմիններում և պաշտոններին թեկնածությունների առաջադրման պատմությանը և գալիք ծրագրերին: Փոխնախարար Ապիտոնյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը մասնագիտացված կառույցների՝ մասնավորապես Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ:

Իր խոսքում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է առողջապահության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև՝ ԱՀԿ շրջանակներում համագործակցության օրակարգին: Նախարար Թորոսյանը ներկայացրել է ՀՀ թեկնածու Թաթուլ Հակոբյանի անցած մասնագիտական երկարատև ուղին:

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրված թեկնածու Թաթուլ Հակոբյանը ներկաներին ներկայացրել է իր տեսլականը և ծրագրերը ԱՀԿ եվրոպական գրասենյակի հետագա գործունեության և առաջարկվող փոփոխությունների ուղղությամբ: Նա պատասխանել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին հետաքրքրող հարցերին:

Տեղեկանք․ Թաթուլ Հակոբյանը 2002-2010թթ. զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, 2011թ.-ից աշխատում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության համակարգում, իսկ 2017թ.-ից հանդիսանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը Սլովակիայում: