Իրանի և Հայաստանի ընդհանրությունները համընկնում են 2 երկրների շահերին․ իրանահայ պատգամավոր 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

dd

Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ՝ «Հայ Դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովի շրջանակներում, երէկ՝ փետրւարի 18-ին Հայ Հասարակական միութեան (Հայ ակումբ) սրահում, իրանցի փորձագէտների եւ լսարանի մասնակցութեամբ, կազմակերպւել էր մէկօրեայ խորհրդաժողով, որի խորագիրն էր՝ «Իրանի ու Հայաստանի ազգային անվտանգութիւնը, տարածաշրջանային ու արտատարածաշրջանային սպառնալիքների շրջագծում»:

Խորհրդաժողովին ելոյթներով հանդէս եկան՝ Հայաստանից հրաւիրւած դասախօսները եւ Իրանից փորձագէտներ: Իրանի եւ Հայաստանի պետական օրհներգերով մեկնարկած խորհրդաժողովին, Կազմակերպիչ յանձնախմբի անունից ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Արտոյտ Զոհրաբեանը, բեմ հրաւիրելով խորհրդաժողովի նախագահութեանը:

Խորհրդաժողովը նախագահում էին՝ Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսակ Իւնանէսեանը, տարածաշրջանային հարցերով քաղաքական վերլուծաբան Ջաֆար Խաշէն եւ «Աբրար մոասեր» միջազգային ուսումնասիրութիւնների ու հետազօտութիւնների կենտրոնի տնօրէն Շոէյբ Բահմանը:

Խորհրդաժողովին դասախօսութեամբ հանդէս եկաւ Կովկասի հարցերով վերլուծաբան Մաջիդ Քարիմին, անդրադառնալով Իրան-Հայաստան ռազմավարական յարաբերութիւնների համատեքստում Հայաստանի Սիւնիքի մարզի աշխարհաքաղաքական դիրքի կարեւորութեանը:

ՀՀԿ անդամ, ՀՀ Ազգային ժողովի «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր, քաղաքական վերլուծաբան Տիգրան Աբրահամեանը համապարփակ գծերով անդրադարձաւ Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան արեւելման փոփոխութեանը եւ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ յարաբերութիւնների կարգաւորման վտանգներին:

Համալսարանի դասախօս, քաղաքական հարցերի վերլուծաբան եւ գիտա-հետազօտող դոկտ. Ահմադ Քազեմին ներկայացրեց Իրանի ազգային անվտանգութիւնը Կովկասի եւ Մերձաւոր Արեւելքի ճգնաժամին առճակատւելու պայմաններում, ի դէմս՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Իսրայէլի, Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի առանցքներին: Նա կարեւորութեամբ անդրադարձաւ Իրանի, Հայաստանի, Չինաստանի եւ Ռուսաստանի յարաբերութիւններին:

ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանն անդրադարձաւ Հայաստանում ներքաղաքական իրավիճակին, ընդդիմութեան անելիքներին առկայ ճգնաժամի յաղթահարման գործում թեմային:

Խորհրդաժողովի եզրափակիչ փուլում ներկաներին իր խօսքը փոխանցեց Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն անդրադառնալով հարեւան եւ բարեկամ երկրների՝ Իրանի եւ Հայաստանի մշակութային, պատմական եւ քաղաքակրթական բազամաթիւ ընդհանրութիւններին, եւ նշեց, որ դրանք երկու երկրների տարածաշրջանային շահերի համընկման պատճառ են դարձել:

Պատգամաւորը մատնանշեց, նման յարաբերութիւնների ամրապնդման անհրաժեշտութիւնը եւ կարեւորեց Իրանի հաւասարակշռւած քաղաքականութիւնը տարածաշրջանում:

Խորհրդաժողովի ընթացքում ներկաներին առիթ էր տրւում հարցումների, որոնց համապարփակ բացատրութիւններ էին փոխացնում դասախօսները: Նաեւ հնչում էին տեսակէտներ եւ առաջարկութիւններ:

--00—ՍՊ