ԱԳ նախարարը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

1

Ապրիլի 17-ին Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիել Դը Սարնեզի հետ:Այս մասին  տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության լրատվական ծառայությունը։

Մնացականյանը նշել է, որ իր այցը լավ հնարավորություն է՝  անդրադառնալու հայ-ֆրանսիական հարաբերությունների լայն օրակարգին, երկու ժողովուրդների միջև առկա ավանդական սերտ բարեկամությանը, որի զգացողությունն ամենուր է: 

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Այս առնչությամբ զրուցակիցները բարձր են գնահատել խորհրդարանական դիվանագիտության դերը՝ վերահաստատելով այդ ոլորտում սերտ համագործակցություն ծավալելու պատրաստակամությունը: Զոհրաբ Մնացականյանը Մարիել Դը Սարնեզին տեղեկացրել է ՀՀ Ազգային ժողովում Հայաստան-Ֆրանսիա պատգամավորական բարեկամության նորաստեղծ խմբի մասին՝ ընդգծելով, որ հայկական կողմը ջանք չի խնայելու երկու երկրների բարեկամության և պատմական հարուստ ավանդույթների վրա հիմնված կապերի առավել սերտացման համար:

Նախարար Մնացականյանն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգին, որի առանցքը նորարարության և տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված տնտեսության խթանումն է: Զրուցակիցները համակարծիք էին, որ հայ-ֆրանսիական բազմաոլորտ փոխգործակցության  շրջանակներում ձևավորված սերտ կապերը տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտներն ունեն զարգացման և առավել խորացման մեծ ներուժ:

Անդրադարձ կատարելով Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին՝ Զոհրաբ Մնացականյանն առանձնահատուկ կարևորել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ինչպես Հայաստանում ընթացող բարեփոխումների իրականացման գործընթացի և կառավարության զարգացման օրակարգի առաջմղման, այնպես էլ՝ ԵՄ և Եվրամիության անդամ երկրների հետ բազմակողմ և երկկողմ ձևաչափերով համագործակցության խթանման առումով:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի շուրջ: