Մգեցված ապակիներով վարորդը շահել է դատը․ քաղաքացիներին չեն կարող տուգանել. «Ժողովուրդ»

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

g

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական Արսեն Թորոսյանը նախորդ տարի իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր ճանապարհային վթարների պատճառներին։ Ըստ նրա՝ վթարների մեջ իր ուրույն եւ վատ իմաստով «ծանրակշիռ» դերն ունի նաեւ ավտոմեքենաների ապակիների թաղանթապատումը, որը բերում է տեսանելիության կտրուկ անկման, ինչն էլ հենց ինքնին հաճախ պատճառ է դառնում վթարների:

Այս գրառումից եւ առաջարկվող օրենքի փոփոխությունից հետո վարորդների շրջանում սկսվեց խուճապը, եւ բոլորը համատարած «ազատագրեցին» մեքենաների դիմային եւ կողային ապակիները մուգ թաղանթապատումից։

Հետո սկսվեցին տուգանքներ հորդել դեպի պետական բյուջե։ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ ասում էր, որ մգեցված ապակիներով մեքենա վարելը հանրապետության օրենսդրությամբ շատ ավելի վաղ արգելված էր, սակայն տուգանքներ չէին կիրառվում, քանի որ ոստիկանությունը հագեցած չէր մթության աստիճանը չափող սարքերով (տաումետրերով):

Հավելենք նաեւ, որ վարորդներին տուգանելու հիմքում ընկած է «Անիվային տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը։

Սակայն, օրերս՝ ArmLur.am-ի պատրաստած ռեպորտաժից հետո, որտեղ խոսվում էր այս օրենքի գործարկման եւ արտոնյալ վարորդների մասին, քաղաքացիներից մեկն արձագանքեց՝ հիմնավորելով, որ իրեն 25 հազար դրամ տուգանելուց հետո դիմել է դատարան եւ շահել դատը։

Բանն այն է, որ մեր զրուցակցին ապակիների լուսաթափանցելիության թույլատրելի շեմը գերազանցելու համար ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայությունը տուգանել էր՝ ՀՀ կառավարության թիվ 955-Ն որոշման հավելված 2-ի 6-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերության եւ Մաքսային միության հանձնաժողովի թիվ 877 որոշմամբ հաստատված «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» մաքսային միության տեխնիկական կանոնակարգի 8-րդ հոդվածի 4.3 կետի հիմքով:

Քաղաքացին բողոքարկել էր տուգանքը՝ գտնելով, որ այն անհիմն է եւ ենթակա է վերացման։ Հայցվորը պարեկից պահանջել է, որ նշվի, թե ինչ տեխնիկական սարքով են կատարում չափումը, եւ նշում արվի արձանագրության մեջ, սակայն պարեկը պատասխանել է, որ ինչ սարք տրամադրել են, նրանով էլ կատարել են չափումը: Հայցվորի պահանջները որեuէ կերպ չեն կատարվել, խախտվել են վերջինիս իրավունքները, եւ անհիմն ենթարկվել է վարչական պատասխանատվության: Հայցվորը ներկայացնում է նաեւ, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կողմից ներկայացված նյութերից բացակայում է նշված ստուգաչափող սարքավորման՝ ՀՀ կառավարության կողմից հաստատված տեխնիկական բնութագրի, ինչպես նաեւ ՀՀ տարածքում թիվ 092191 ստուգաչափման վկայականով սարքավորումներն օգտագործելու թույլտվության վերաբերյալ ՀՀ կառավարության համապատասխան որոշումները, որը ՀՀ օրենսդրական պարտադիր պահանջ է՝ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածով:

Հայցվորն օրենքի համապատասխան կետերին տիրապետելու շնորհիվ հակադարձել է դատարանին, ՀՀ վարչական դատարանի պատճառաբանությունները եւ եզրահանգումները ուսումնասիրելով եւ գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները՝ հետեւություն է արվել, որ, որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության եւ ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:

Այսինքն՝ ստացվում է, որ քաղաքացին/հայցվորը շահում է դատը օրենքի կետերի կիրառելիության եւ թերի լինելու արդյունքում։ Բացատրենք՝ ինչպես. բանն այն է, որ վարորդներին տուգանում են՝ համաձայն Վարչական օրենսգրքի 123-րդ հոդվածի 4-րդ կետի, սակայն նշված օրենքում հղում արված չէ վերը նշված Մաքսային միության տեխնիկական կանոնակարգին։ Հետեւաբար, եթե օրենքը հղում չի տալիս Մաքսային միության տեխնիկական կանոնակարգին, քաղաքացիներին չեն կարող տուգանել։ Ավելին՝ ըստ նշված դատական գործի վճռի՝ քաղաքացու հայցը բավարարելուց հետո ՀՀ ՆԳՆ-ից, հօգուտ հայցվորի, բռնագանձվել է 25 հազար դրամ տուգանքը»։

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ