Շատ կան ապօրինի կալանքի որոշումներ, բայց սա գերազանցեց բոլորին․ Մալյանի փաստաբանի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

ֆֆ

Քաղբանտարկյալ, հասարակական գործիչ Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը անդրադարձել է Մալյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշմանը․

«Այսօր ստացել եմ Երևանի քրեական դատարանի դատավոր Ս.Գզոգյանի որոշումը՝ Նարեկ Մալյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին:

Մի օր այդ որոշումը պետք է դարձվի ուսումնասիրության առարկա իրավաբանական ԲՈՒՀ-երում և արդարադատության ակադեմիայում՝ ապագա իրավաբանների և հատկապես ապագա դատավորների համար:

Այս որոշումը պետք է ծառայի որպես օրինակ, թե ինչպես չի կարելի կազմել նման որոշումները: Ընդհանրապես, ինչպես չի կարելի մոտենալ մարդու ճակատագրին և ազատությանը:

Ես այս տարիների ընթացքում շատ եմ տեսել ապօրինի կալանքի որոշումներ, բայց այս որոշումը գերազանցեց բոլոր նախկին տեսածներս:

Որոշման մեջ բացարձակապես չկա նշում երաշխավորների մասին, չկա նշում պաշտպանների, մասնավորապես՝ իմ, ասածների մասին, չկա որևէ պատճառաբանություն, թե ինչու, օրինակ, տնային կալանքը կամ մյուս այլընտրանքային միջոցները ի զորու չեն Ն.Մալյանին հետ պահելու քպ-ականներին բ..ի տղա անվանելուց և այլն: Իսկ որպես կալանքի հիմք նշված է, որ սեպտեմբեր ամսին Ն.Մալյանը իրեն ձերբակալելու արձանագրության մեջ նշել է, որ ինչ արել է, լավ է արել, էլի է անելու:

Բայց զուտ իրավաբանական տեսակետից՝ այդ պահին Ն.Մալյանին մեղադրանք չէր էլ առաջադրվել, որ նրա գրածները մեկնաբանվեն որպես նոր հանցանք կատարելու մտադրություն /այստեղ չեմ անդրադառնում այն բանին, որ Ն.Մալյանի խոսքում հանցագործություն գտնելը առհասարակ աբսուրդի ժանրից է/:

Բացի այդ, որպես կալանքի հիմք դատավորը դիտարկել է դատական նիստերի ժամանակ Ն.Մալյանի վարքագծի որոշ դրվագները: Սա պարզապես սև հումոր է, քանի որ նախ՝ պետք է հստակ նշել, թե էդ ինչ է արել Ն.Մալյանը նիստի ընթացքում, որ այդքան ՙսարսափեցրել է՚ դատարանին և եթե ինչ-որ սխալ բան է արել, ապա ինչու գեթ մեկ անգամ նույն դատավորը որևէ սանկցիա չի կիրառել և/կամ բանավոր նախազգուշացում չի կատարել: Ընդունենք, Ն.Մալյանը իրոք ինչ-որ մի բան է արել նիստի ընթացքում: Այդ դեպքում, եթե դատավորը նրան չի զգուշացնում վարքագծի ապօրինության մասին, ապա վարքագիծը համարվում է օրինական և ընդունելի: Նորից նշեմ, որ իհարկե ոչինչ էլ չի արել Ն.Մալյանը դատական նիստերի ընթացքում, ինչը թույլ կտար դատավորին գալ նման եզրահանգումների: Նիստերը տեսաձայնագրվել են և հանրության աչքի առջև են ընթացել:

Ինչպես ասում են՝ խոսքերը այստեղ ավելորդ են:

Իսկ քպ-ականներին խորհուրդ՝ ձեր կեղտոտ պատվերները իջեցրեք այն մարդկանց, որոնք հմտացած են նման գործերում: Ու թեպետ ոչինչ չի արդարացնում դատավորին նման որոշում կայացնելու համար, այդուհանդերձ՝ չի կարելի երիտասարդ կնոջը հասցնել այս վիճակի: Անգամ կարմիր կխմերների և նացիստների մեջ կարելի է գտնել ջենտլմենության նշույլներ, ինչն ակնհայտորեն անհնար է դավաճանական խմբակի դեպքում»,- գրել է պաշտպանը։ 

--00—ՍՊ