Թուրքերն Իգդիրում քննարկում են «Մեծամորի ատոմակայանի վտանգավորությունը»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

.

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը Իգդիր քաղաքում կազմակերպել է աշխատաժողով Մեծամորի ատոմակայանի թեմայով: Քննարկումն ընթանում է «Մեծամորի ատոմակայանի հետ կապված բացասական զարգացումների դեպքում իրականացվելիք գործողությունների ծրագրի» շուրջ: Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Եռօրյա ժողովի ընթացքում նախատեսվում է կազմել գործողությունների ամբողջական պլան, որը պիտի գործի դրվի հայկական ատոմակայանի հնարավոր վթարի դեպքում:

Թուրքական կողմը բազմիցս հայտարարություններ է անում Մեծամորի ատոմակայանի անվտանգության ոչ բավարար մակարդակի մասին: Կոչերով ու գիտաժողովներով չսահմանափակվելով՝ թուրքերը այս թեմայով ծրագրել անգամ դաշտային վարժանք կազմակերպել:

2019-ի հունիսն ծրագրվող վարժանքը կազմակերպվելու է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության և Թուրքիայի ատոմային էներգիայի գործակալության կողմից: Վարժանքի ժամանակ խաղարկվելու է Մեծամորի ատոմակայանի վթարի սցենարը:   

Նշենք, որ Թուրքիան պարբերաբար տեղեկություն է տարածում հայկական ատոմակայանի վտանգավորության մասին, բայց դա չի համապատասխանում իրականությանը:

Մեծամորի ատոմակայանը գտնվում է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հսկողության տակ և մինչ օրս ոչ մի միջազգային կազմակերպություն հարց չի բարձրացրել, թե այն սպառնալիք է տարածաշրջանի համար: