Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Դավթյանը անցավ եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

դ

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի առաջատար, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, ՕԽ բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դուրս է եկել Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի հենացատկի վարժության եզրափակիչ, գրում է Armsport-ը։ 

Հիշեցնենք՝ ավելի վաղ գավաթի երկրորդ փուլի օղակների վարժության որակավորման փուլի արգելքը հաղթահարել էին Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը, իսկ նժույգ-թափեր վարժության եզրափակիչ էր դուրս եկել երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը:

Վերջերս հայ մարմնամարզիկները 1 ոսկե և 1 արծաթե մեդալ էին նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում:

Հաղթողի կոչմանն արժանացել էր Արթուր Դավթյանը՝ հենացատկի վարժության եզրափակչում հավաքելով 14,933 միավոր: Մարմնամարզիկ Վահագն Դավթյանն էլ Կահիրեի աշխարհի գավաթի խաղարկությունում դարձել էր արծաթե մեդալակիր: Օղակների վարժության եզրափակչում հայ մարզիկը հավաքել էր 14.500 միավոր և զբաղեցրել երկրորդ տեղը:

Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Հայ մարմնամարզիկներից Փարիզ-2024-ի ուղեգիր դեռևս նվաճել է միայն Արթուր Դավթյանը։

--00—ՍՊ