ԱՄՆ կոնգրեսականներն այցելել են Ծիծեռնակաբերդ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 18, 24News

4-10

Հայաստան այցելած ԱՄՆ կոնգրեսականները ՀՀ ԱԺ պատգամավորներ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Գայանե Աբրահամյանի եւ Հովհաննես Հովհաննիսյանի ուղեկցությամբ ապրիլի 17-ին այցելել են Ծիծեռնակաբերդի 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի անդամ կոնգրեսականները ծաղիկներ են խոնարհել Մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Նրանք եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել 20-րդ դարի առաջին արհավիրքը հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել «Պատվավոր հյուրերի» հուշամատյանում:

Թանգարան-ինստիտուտի տնօրինությունը կոնգրեսականներին նվիրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ անգլալեզու գրքեր: