ՆԳՆ-ն, Եվրամիությունը, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը միավորում են իրենց ջանքերը․ պանելային քննարկում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

18-3

Փետրվարի 23-ին Երևանում կայացել է «Կանայք ոստիկանությունում» համաժողովը: Մասնակցում էին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավորներ, միջազգային փորձագետներ, հասարակական կազմակերպությունների և ոստիկանության ներկայացուցիչներ:

Իր խոսքում ՆԳ նախարար Վահե Ղազարյանը նշել է, որ Ներքին գործերի նախարարությունում կանանց ներգրավվածության գաղափարն իրականություն է դարձել միջազգային գործընկեր կառույցների հետ սերտ համագործակցության արդյունքում։ Խոսելով ոստիկանության համակարգում կանանց ներգրավմանն ուղղված քաղաքականության, այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերի ու մարտահրավերների մասին՝ Վահե Ղազարյանը նշել է, որ Ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումների համար հիմնարար է ներառականության սկզբունքը՝ հնարավորինս բաց լինել հասարակության համար ինչպես հանրային կարծիքն ու վերաբերմունքը չափորոշիչ ունենալու, այնպես էլ համակարգի կադրային բազան համալրելու, թարմացնելու առումով:

«Փորձը ցույց է տալիս, որ կանայք արագ ու հիմնավոր են յուրացնում տեսական գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները, ավելին՝ աչքի են ընկնում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, քաղաքացուն բարձր մակարդակով ծառայություններ մատուցելու, ներկայացվող պահանջները լիարժեք իրականացնելու ունակությամբ: Բացի այդ, հատկապես այնպիսի իրավիճակների դեպքում, ինչպիսին ընտանեկան բռնությունն է կամ կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունը, կին ծառայողներն ավելի արդյունավետ են գործում։

Ներքին գործերի համակարգի որակական բարեփոխումը շարունակվում է, և համոզված եմ, որ մեր կին ծառայակիցները ոչ միայն շարունակելու են իրենց ծանրակշիռ ներդրումը բերել այդ գործին, այլև ավելի ու ավելի են ընդլայնելու իրենց ներգրավվածությունն ու ներկայացվածությոնը մեր աշխատանքի բոլոր ոլորտներում՝ կոտրելով կարծատիպեր»,-նշել է ՆԳ նախարարը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն իր խոսքում ընդգծել է, որ Եվրամիության պատվիրակության ուղերձը վերաբերում է կին ոստիկանների ներգրավմանը:

photo_2024-02-25_15-59-38

«Կանայք եզակի տեսակետներ են ներմուծում, հմտություններ, որոնք լրացնում և մեծացնում են ցանկացած ոստիկանական ուժի կարողությունը: Կանանց ներկայությունը ոստիկանությունում խթանում է նաև համայնքային անվտանգության ավելի համապարփակ մոտեցմանը, քաղաքացիների բարձրացրած բազմապիսի հարցերի ընկալմանը»,- ասել է Վասիլիս Մարագոսը:

Անդրադառնալով ՄԱԿ Զարգացման, ինչպես նաև այլ ծրագրերի հետ համատեղ իրականացրած ծրագրին՝ Վասիլիս Մարագոսը նշել է, որ այն մասնավորապես վերաբերում է նաև Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանմանը. ոստիկանության բարեփոխումը ոչ միայն անվտանգության և ապահովության խթանումն է, այլև ենթադրում է մարդու իրավունքների պաշտպանությունը:

«Այդ ծրագրի միջոցով մենք տրամադրել ենք շոշափելի ներդրումներ՝ խթանելու գենդերային հավասարությունը, խթանելու կանանց ներգրավվածությունը ոստիկանության ոլորտում»,-հավելել է Վասիլիս Մարագոսը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, ողջունելով ներկաներին, նախ միջոցառմանը սատարելու համար շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավարությանը: Դիմելով համաժողովին ներկա կին ոստիկաններին՝ դեսպանը նշել է. «Ձեր հանձնառությունը, ձեր քաջությունը, ձեր նվիրումը համայնքների անվտանգությանը, իսկապես գովեստի է արժանի, և ձեր ներկայությունը այսօր վկայությունն է առ այն, որ մենք լուրջ առաջընթաց ենք արձանագրել իրավապահ մարմիններում այստեղ՝ Հայաստանում կանանց ներգրավվածության ուղղությամբ, ինչին բոլորս ձգտում ենք մեր սեփական երկրներում»:

ԱՄՆ դեսպանը նշել է, որ բարեփոխումների առանցքային կարևորությունն է վստահության, հաշվետվողականության լավարկումը, արդարադատության ապահովումը բոլոր ոլորտներում: Եթե ծառայողը, պաշտոնյան իր սպասարկման տարածքում վստահություն է վայելում, ապա նա այդպիսով կարող է ամրապնդել համակարգի հանդեպ վստահությունը, արձագանքել բնակչության կարիքներին:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին իր խոսքում անդրադարձել է ոստիկանությունում կանանց ներգրավվածությունը խթանելու ուղղությամբ միջազգային կառույցների համագործակցությամբ իրականացված միջոցառումներին:

«Ներքին գործերի նախարարությունը, Եվրամիությունը, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը միավորում են իրենց ջանքերը՝ կոնկրետ այս օրակարգին թիրախավորելով: Եվ ես վստահ եմ, որ որևէ խնդիր չի կարող վրիպել և մնալ չհասցեագրված: Գենդերային հավասարությունը հիմնարար մարդու իրավունք է, միևնույն ժամանակ դա նաև համընդհանուր ճանաչում ունեցող փաստ է, որ գենդերային հավասարությունը և կանանց ավելի մեծ մասնակցությունը շահավետ են կոնկրետ սոցիալ-տնտեսական առումով: Կանանց մասնակցությունը մասնավոր հատվածում ավելի մեծ բազմազանություն և որակ է ապահովում նաև քաղաքակրթության մշակման գործընթացում»,-ներկայացրել է Նաթիա Նացվիշվիլին:

Պանելային առաջին քննարկման ժամանակ ներկայացվել են Ոստիկանության համակարգում կանանց ներգրավվածության բարձրացմանն ուղղված քաղաքականության, իրականացվող ծրագրերի և մարտահրավերների մասին։

ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը խոսելով տարբեր ոլորտներում կանանց ներգրավվվածության մասին՝ նշել է, որ երբ խոսքը վերաբերում է իրավապահ համակարգում կանանց ներգրավվածությանը, ակնհայտ է դառնում, որ, ի տարբերություն այլ ոլորտների, այստեղ կանանց ներգրավվածությունը ցածր է, հետևապես այդ խնդիրը պետք է հաղթահարել:

«Ուզում եմ հստակ շեշտադրել, որ խոսքը ամենևին չի վերաբերում արհեստականորեն թվի բարձրացմանը: Խնդիրը բովանդակային առումով փոփոխություն բերելն է ոստիկանական համակարգ: Կանայք շատ արդյունավետ կարող են գործել մի շարք ոլորտներում, որոնք ոստիկանությունում կան՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի դեպքերը, սեռական ոտնձգության, անչափահասների հանցավորության դեմ պայքարի դեպքերը: Սրանք ոլորտներ են, որտեղ իրականում կանայք կարող են շատ արդյունավետ գործել»,-նշել է ՆԳ փոխնախարարը:

ՆԳ փոխնախարարը նշել է, որ ոստիկանությունում ծառայությունը հանրային անվտանգությունն ապահովելու երաշխիք է. դա համակարգում ծառայողի պարագայում մտածողություն է, այլապես հանրային ընկալման վերջին հացումներով Հայաստանի ներքին անվտանգային իրավիճակի առումով բարձր ցուցանիշներ չէին արձանագրվի:

ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին խոսել է ԱՄՆ ոստիկանությունում կանանց ներգրավվածության և արդյունավետ ծառայության հաջող փորձի մասին. «Մենք կապ ենք հաստատում կին ոստիկանների հետ՝ նրանց ընձեռելով մասնագիտական զարգացման հնարավորություններ տարբեր աշխատաժողովների և վերապատրաստումների շրջանակում: Ծառայողների կարողությունների զարգացումից բացի ուշադրության կենտրոնում ենք պահում նաև դասընթացավարների մասնագիտական գիտելիքների զարգացմանն ուղղված միջոցառումները»:

ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող հետազոտությունների շրջանակում ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նաթվլիշվիլին իր խոսքում անդրադարձել է ՆԳՆ-ում անցկացված գենդերային հավասարության ապահովման հնարավորությունների ուսումնասիրության մասին։

Առանձնացնելով տարբեր երկրների ոստիկանության համակարգում կանանց ներգրավվածությանը խոչընդոտող հանգամանքների ու պայմանների եզակիությունը, նա նշել է, որ «Գենդերային կնիք» մեթոդաբանությամբ իրականացված հետազոտությունները այդ հիմնախնդրի շրջանակում թույլ են տալիս հասկանալ երկրում տիրող իրավիճակը և լուծումներ մշակել այդ ուղղությամբ։

«Ոստիկանության համակարգում կանանց ներգրավվածության մեծացումը մեխանիկական գործընթաց չէ, այն բազմաբարդ մարտահրավեր է։ Նախևառաջ պետք է հասկանալ այդ հիմնախնդրի պատճառներն ու դրանց հաղթահարման ուղղությամբ քայլեր ձեռնարկել»,-նշել է Նաթիա Նաթվլիշվիլին։

Լիտվիայի ՆԳՆ առընթեր ոստիկանության ներկայացուցիչ, միջազգային փորձագետ Օքսանա Պլեսկոն կիսվել է անձնական փորձառությամբ ՝ խոսելով հասարակության կարծրատիպերի և օրենսդրական իրավակարգավորումների մասին։ «Լիտվիայում ոստիկանական համակարգում կանանց ներգրավվածությունը բարձրացնելու նպատակով վերանայել ենք ընդունելության պահանջները և մի շարք չափանիշներ, հատկապես ֆիզիկական պատրաստության չափորոշիչները հանվել են, մասնավորապես այն պահանջները, որոնք չէին վերաբերվում աշխատանքային պարտականությունների կատարմանը»,-ներկայացրել է Օքսանա Պլեսկոն։

Օքսանա Պլեսկոն առանձնացրել է նաև կանանց պատշաճ կրթական հնարավորությունների ապահովման և հմտությունների զարգացման ուղղությամբ վերապատրաստումների անցկացման հարցերը՝ անդրադառնալով միջազգային առաքելություններին կանանց մասնակցության խրախուսման մեթոդներին։

«Կանանց աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն անդրադարձել է ընտանեկան բռնության դեմ պայքարի ոլորտում կին ոստիկանների ներգրավվածության դրական արձագանքին։

Խոսելով ընտանեկան բռնության դեպքերի մասին՝ նա ընդգծել է կին ոստիկանի կատարած աշխատանքի առաջնային գնահատման և տուժածի՝ նրան վստահելու կարևորությունը։

ՆԳՆ կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանն անդրադարձել է կին դիմորդների ընդունելության խթանման ուղղությամբ նախարարության և կրթահամալիրի առջև դրված խնդիրներին։

Մանուկ Մուրադյանի ներկայացմամբ՝ փոփոխություններից հետո արձանագրվել է կանանց ընդունելության 17 տոկոս աճ։ Բացի այդ, հիմնական կրթական ծրագրերով սովորողների 44 տոկոսը կանայք են։

Արտաքին մարտահրավերներից բացի, պանելային քննարկման ընթացքում հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են նաև կանանց համար ներքին մարտահրավերների, մասնավորապես՝ ապահով միջավայրի, իրավունքների իրացման, սոցիալական երաշխիքների վերաբերյալ հարցեր։

Շարունակելով ղեկավար պաշտոններում կանանց ներկայացվածության, կարիերայի առաջխաղացման և հաջողության հասնելու բանաձևի քննարկումները՝ պանելային երկրորդ քննարկմանը ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանն անդրադարձել է ոստիկանական համակարգում կանանց ներգրավվածության ուղղությամբ նախարարությունում իրականացվող աշխատանքների շարունակականությանը։

Պարեկային ծառայության պետ- ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանն իր ելույթում ներկայացրել է արտաքին ծառայությունում կանանց հանդիպող խնդիրներին՝ նշելով, որ ներկայումս պարեկային ծառայության շարքերում հարյուրից ավելի կանայք կան։

Արթուր Խուդինյանը խոսել է նաև պարեկային ծառայությունում գործող Կանանց խորհրդի, կին պարեկների ներուժի մեծացման և շարունակական վերապատրաստումների մասին։

Ծառայության առանձնահատկությունների և իր փորձառության մասին է կիսվել ավագ պարեկ Մելինա Սարգսյանը։ Նա անդրադարձել է ֆիզիկական ծանրաբեռնվածության, ընտանիք-ծառայություն համադրության ապահովման, վտանգավոր իրավիճակներում ռիսկային խմբում լինելու հարցերին։

Պարեկային ծառայողների հոգեբանական պատրաստվածության և կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացների վերլուծությունների վերաբերյալ տեղեկատվությամբ է կիսվել «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի «Ոստիկանության բարեփոխումներ» բաղադրիչի ղեկավար Դավիթ Հարությունյանը։ Կարևորելով հոգեբանական կարողությունների զարգացման առաջնայնությունը՝ նա անդրադարձել է նաև երկօրյա դասընթացների արդյունավետության, տարբեր իրավիճակներում ծառայողների սթրեսակայունության ձևավորման մեթոդներին։

Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ Նարինե Հակոբյանը խոսել է ծառայությունում անցած ուղու, հանդիպած դժվարությունների և հաջողության հասնելու սկզբունքների մասին։

Խոսելով ծառայությունում հանդիպող խնդիրների մասին՝ Նարինե Հակոբյանը նշել է դրանց լուծումների, ինքնակրթությամբ մասնագիտական առաջընթաց ապահովելու մասին։

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանն իր ելույթում խոսել է ուժային կառույցներում կանանց ներկայացվածության պակասի պատճառների և հանդիպող խնդիրների մասին։

Ներկայացնելով ոստիկանությունում կանանց դերը որոշումներ կայացնելու գործում ՝ ԵԱՀԿ փորձագետ Սուսաննա Նալթակյանը ներկայացրել է միջազգային լավագույն փորձը և արդի մարտահրավերները։ Նա անդրադարձել է նաև կանանց և տղամարդկանց գենդերային կարիքներին, խոցելիությանն ու փորձառությանը։

«Ոստիկան կանանց ցանց» ասոցիացիայի նախագահ, միջազգային փորձագետ Քրիստինա Յոժիչն իր ելույթում անդրադարձել է Բոսնիա և Հերցեգովինայում ոստիկանական համակարգում կանանց ցածր ներկայացվածությանը։ «Մեր հասարակությունում, որտեղ 50 տոկոսից ավելի կանայք են, կանանց ցածր ներկայացվածության պատճառով տղամարդիկ են որոշում անվտանգության հետ կապված հարցերը, երեխաների և մայրերի հարցերը՝ առանց հաշվի առնելու կանանց մոտեցումները։ Բայց պետք է նշեմ, որ հասարակության անվտանգության կարիքները տարբեր են, և պարտադիր կանայք պետք է ներգրավված լինեն հայելային կերպով արտացոլելով այն»,-նշել է նա:

Համաժողովի ավարտին ծառայության հանդեպ ցուցաբերած բարձր պատասխանատվության, հասարակական կարգի պահպանության, ինչպես նաև հանցավորության դեմ պայքարի գործում ներդրած ջանքերի, անձնական օրինակով կին ոստիկանի հանդեպ կարծրատիպերը կոտրելու համար ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը և ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը մի խումբ ծառայողների պարգևատրել են շնորհակալագրերով։

--00—ՅՄ