Թունյանը իմ հետ չի կարա գա երկխոսության, գործարանի աշխատակիցները իրան են սպասում․Ծառուկյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 18, 24News

Ծառուկյան Գ

Թեպետ «Արարատցեմենտ» գործարանում բողոքի ակցիաները դադարել են, բայց Ազգային ժողովում ցեմենտի հումքի՝ կլինկերի վրայից պետական տուրքը հանելու մասին քննարկումները շարունակվում են։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որը համարվում է գործարանի սեփականատերը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի ու գործարանի ներկայացուցիչների քննարկումները շարունակվում են։

«Էսօր գալու են գործարանի ներկայացուցիչները, հանդիպեն։ Մենք ասում ենք՝ եթե հանձնաժողովը որոշել է կլինկերի վրա հարկ չդնել, մենք էլ որոշման համաձայն, ցեմենտ չենք արտադրում, կլինկեր ենք բերում։ Դու դրա հանարավորությունն ես տալիս։ Մենք հակառակ օրենքի ոչ մի բան չենք անում», - հայտարարեց Գ.Ծառուկյանը։

Լրագրողի հարցին, թե հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը քննարկե՞լ է իր հետ հարցը, եկե՞լ են ընդհանուր եզրահանգման, Ծառուկյանը պատասխանեց. «Թունյանը իմ հետ չի կարա գա երկխոսության, ամբողջ գործարանի աշխատակիցները իրան սպասում են, թո բարի լիներ, գնար գործարան պատասխանատուների հետ խոսեր մասնագիտորեն, որ հասկանար՝ ցեմենտն ինչ ա, կլինկերն ինչ ա, հետո որոշում ընդուներ»։