Վանեցյանի բաջանաղն եմ, բայց նշանակմանս հետ դա կապ չունի․ Գարեգին Բաղրամյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

1

Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանը այսօր հայտարարեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու հարցոում չի տեսնում ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ազդեցությունը։

«Կարեն Կարապետյանի հետ շփվել եմ մի քանի անգամ, քննարկումների ժամանակ, երբ նա վարչապետն էր, իսկ Սամվել Կարապետյանին ընդհանրապես մոիտիկից էլ չեմ տեսել», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գարեգին Բաղրամյանը։

Նշենք, որ օրերս մամուլը գրել էր, թե Գարեգին Բաղրամյանին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնին նշանակելու գործում էական ազդեցություն է ունեցել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։

Բաղրամյանն ասաց, որ առաջարկը ստացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Դիտարկմանը, թե մամուլում շատ է գրվում, որ ինքը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի բաջանաղն է, Բաղրամյանը պատասխանեց. «Այո, բաջանաղ ենք, Վանեցյանը երկար տարի աշխատում է ԱԱԾ-ում, ես 19 տարի էներգահամակարգում եմ, և ես չեմ կապում մեր բարեկամական կապը պաշտոնի նշանակման հետ»։