Նախատեսվում է՝ Նազարբաևին շնորհել ԵԱՏՄ պատվավոր նախագահի պաշտոնը. «Կոմերսանտ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Նազարբաև
Kommersant.ru-ն գրում է, որ Ղազախստանի նախկին նախագահ, երկրի անվտանգության խորհրդի ղեկավար Նուրսուլթան Նազարբաևը շուտով կարող է ևս մի տիտղոս ստանալ։ Եվրասիական տնտեսական միության` մայիսի 29-ին կայանալիք գագաթնաժողովի ժամանակ Նազարբաևը հավանաբար նշանակվի կառույցի պատվավոր նախագահի պաշտոնում:

ԵԱՏՄ պատվավոր նախագահի պաշտոն գոյություն չունի, ուստի Նազարբաևի ապագա լիազորությունների շրջանակը դեռևս անորոշ է: Նշանակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԵԱՏՄ-ի ստեղծման գաղափարը ղազախ առաջնորդինն է, որին ավելի ուշ հավանություն են տվել հետխորհրդային տարածքի մյուս պետությունները:

Հարցը ԵԱՏՄ անդամ պետությունների փոխվարչապետերի մակարդակով ավելի մանրակրկիտ կքննարկվի ապրիլի 29-ին, իսկ ապրիլի 30-ին կքննարկվի երկրների վարչապետերի մակարդակով: Վերջնական որոշումը կհաստատվի մայիսի 29-ին:

Աղբյուրը նաև նշում է, որ ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը կկայանա Ղազախստանի անվանափոխված մայրաքաղաքում՝ Նուր Սուլթանում, ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և Ղրղզստանի ղեկավարների մասնակցությամբ: