Փորձ է արվում ինձ հանել երկրի վարչապետի դեմ. Դավիթ Սանասարյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադարձել է ՊՎԾ-ի կոռուպցիոն սկանդալին, որի շրջանակում հարցաքննվել է նաև Դավիթ Սանասարյանը։

ՊՎԾ պետը լրագրողներին ասել է, որ չի կարող գործի մանրամասների մասին խոսել, որովհետև նման պարտավորություն ունի, ապա հավելել, որ դա դեռ չի նշանակում, որ չի կարող որևէ տեղեկություն տալ, որպեսզի չկարողանան իր բարի համբավի վրա բիծ անել։

«Դա ձեռք է բերվել սկզբունքային ու ազնիվ ապրելու արդյունքում, և ինչ նախաքննական մարմին էլ լինի, ինչ ցունցմունք տվող ուզում է՝ լինի, չեն կարող դրա վրա խազ քաշել»,-ասել է Սանասարյանը։

ՊՎԾ պետը նաև վստահեցրել է, որ որևէ կառույց չի կարող իրեն որևէ կոռուպցիոն դրսևորման հետ կապել, որովհետև մերժում է ցանկացած կոռուպցիոն երևույթ։

«Գերեզմանում էլ լինեմ, պայքարելու եմ կոռուպցիայի դեմ»,-ասել է ՊՎԾ պետը։

Դավիթ Սանասարյանը նաև նշել է, որ ստեղծում են էմոցիոնալ մի իրավիճակ, որ դուրս գա երկրի վարչապետի դեմ․ «Ես վստահում եմ երկրի վարչապետին։ Չի կարող  վարչապետն իմ նկատմամբ քրեական հետապնդման պատվեր անել»։