Վտանգավոր թռչնի մսի և ձվի իրացումը կասեցնելու անասնահամաճարակային մշտադիտարկում է սկսվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

1

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հայտնում են, որ հանրապետությունում կամ դրա առանձին տարածքներում թռչնի մսի իրացման ցանցերում վտանգավոր թռչնի մսի և ձվի հայտնաբերման և դրանց իրացումը կասեցնելու  նպատակով՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով սկսվել է անասնահամաճարակային մշտադիտարկում:

Տնտեսվարողներին հորդորում ենք թռչնամիսն ու ձուն ընդունել միայն կենդանական ծագման մթերքի անվտանգությունը հավաստող փաստաթղթերի առկայությամբ (Ձև 2, Ձև 5, համապատասխանության հավաստագիր (սերտիֆիկատ)), պահպանել այդ մթերքի համար նախատեսված պահման և մակնշման պայմաններին, ինչպես նաև օբյեկտի և տարածքի սանիտարահիգիենիկ վիճակին ներկայացվող պահանջները:

Կոչ է արվում բոլոր սպառողներին կասկածելի թարմությամբ սննդամթերք նկատելու կամ այլ խախտումներ (մակնշման անհամապատասխանություն, սառնարանային ոչ պատշաճ պայմաններ, սանիտարահիգիենիկ խախտումներ և այլն) հայտնաբերելու դեպքում զանգահարել ՍԱՏՄ թեժ գծին՝ 012 90-60-90 կամ 010 20-60-40 համարներով:

Մշտադիտարկման արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: