ԱԳՆ-ն չի հաստատում Վաշինգտոնում Մամեդյարովի հետ առաջիկա հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Մամեդյարով

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը 24News-ին մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ն առաջարկում է Վաշինգտոնում անցկացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը։

Հարց. Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է առաջիկայում Վաշինգտոնում հանդիպում անցկացնելու ամերիկյան կողմի առաջարկի մասին: Արդյոք հաստատո՞ւմ եք այդ տեղեկությունը:

Պատասխան. Ինչպես գիտեք, ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ յուրաքանչյուր հանդիպման հաստատումից հետո դրա մասին հայտարարվում է համաձայնեցված կարգով: Իրապես, դիտարկվում է ապագա հանդիպումը համանախագահ երկրներից մեկում անցկացնելու հնարավորությունը՝ հաշվի առնելով նախկին նմանօրինակ հանդիպումների աշխարհագրությունը։

Քանի որ այս հարցը դեռևս քննարկման փուլում է, պետք է ձեռնպահ մնալ միակողմանի ազդարարումներից և հրապարակային բանակցությունների գործելաոճից։ Ավելին համանախագահ երկրներից մեկում կայանալիք հանդիպման մասին նախապես հայտարարելն անհարգալից վերաբերմունքի է գործընթացի մասնակիցների, բայց առաջին հերթին՝ տվյալ համանախագահի նկատմամբ: 

Դեռև չկայացած պայմանավորվածությունների ազդարար դառնալու ձգտումը չի նպաստում փոխվստահության հիման վրա նորմալ աշխատանքային մթնոլորտի ձևավորմանը»։