Ալիևին տրված է վերջին հնարավորությունը վերջնագրի տեսքով․ անդրադարձներ՝ ԵԽ զեկույցներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

ֆֆ

Դրական է այն, որ արևմտյան մի շարք կառույցներում այսօր հստակ կերպով առաջ է տարվում մի քաղաքական գիծ, որի ուղղության իմաստն աջակցություն ցուցաբերելն է ժողովրդավարական Հայաստանին, որը բռնել է արմատական փոփոխությունների ուղին, և քննադատություն՝ ուղղված տոտալիտար քաղաքական համակարգ ունեցող Ադրբեջանին, որն արևմտյան կառույցներում չի ընկալվում որպես ժողովրդավարական պետություն։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց քաղաքագետ Գարի Քեռյանը՝ անդրադառնալով նախօրին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված ԵՄ անվտանգության ու պաշտպանության քաղաքականության վերաբերյալ երկու զեկույցներին, որոնցում անդրադարձ կա նաև հայ-ադրբեջանական հակամարտությանն ու Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությանը։ 

«Եվրոպական կառույցների քաղաքականությունն ավելի շատ Հայաստանի քաղաքական համակարգի արմատական արևմտամետ փոփոխությունների և մեր երկրի արտաքին քաղաքական վեկտորի՝ դեպի Արևմուտք շրջադարձի քաջալերումն է։ Իրողությունն առկա է, և դրա համար Վաշինգտոնում, Բրյուսելում և համաեվրոպական բոլոր կառույցներում վերջին մեկ-երկու տարվա ընթացքում տեսանելի են բազմաթիվ կոչեր, հայտարարություններ, զեկույցներ, դրական գնահատականներ, փոխայցերի կազմակերպում, եվրոպական հարթակներում հայկական կողմի մեծարում, ինչը մեծ հաշվով նպատակ ունի ոգևորել Հայաստանին և ամրապնդել նրա քաղաքական իշխանության ձգտումները և՛ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության, և՛ արևմտյան մոդելին համահունչ քաղաքական համակարգի վերափոխման ուղղությամբ»,- ասաց Քեռյանը։

Նրա գնահատմամբ՝ լավ է որ զեկույցում խոսվում է Ադրբեջանի նկատմամբ հնարավոր պատժամիջոցներ կիրառելու մասին և արդեն նման դրույթ է ներառվում փաստաթղթի մեջ, սակայն դրա արդյունավետությունն, ըստ նրա, կերևա այն ժամանակ, երբ իսկապես կչեղարկվի Ադրբեջան-ԵՄ էներգետիկ համաձայնագիրը և կկասեցվի ադրբեջանական էներգակիրների գնումը Եվրոպայի կողմից։ 

Հայ-ադրբեջանական հակամարտության լուծման համատեքստում նման զեկույցների, բանաձևերի արդյունավետությունը, քաղաքագետի կարծիքով, դեռ բարձր չէ, թեև Արևմուտքը լռություն չի պահպանում և փորձում է հակամարտության մեջ աջակցության ֆոն ապահովել Հայաստանի նկատմամբ և այդ տեսանկյունից զեկույցներն ունեն բարոյական զորակցության արժեք։ Այդուհանդերձ Քեռյանը գործնական հարթությունում կասկած հայտնեց, որ Եվրոպան Հարավային Կովկասում ռազմական գործողությունների վերսկսման պարագայում ռազմական միջամտությամբ կպաշտպանի Հայաստանին։ Ըստ նրա՝ Նույն ՆԱՏՕ-ի կազմում այսօր անչափ կարևոր դերակատարում ունի Ադրբեջանի դաշնակից Թուրքիան, որն այդ դաշինքի հարավային հենարանն է, ուստի արևմուտքը ռազմական գործողություններ չի իրականացնի այն երկրի նկատմամբ, որը Թուրքիայի հետ միաձուլված մեկ միավորում է և նրանց բանակներն էլ գործում են մեկ հրամանատարության ներքո։   

Քեռյանը նշեց, որ մեծ ուշադրությամբ հետևում է ադրբեջանական պաշտոնական մամուլի հրապարակումներին, լսում է Իլհամ Ալիևի ելույթները և ընդգծեց, որ Ադրբեջանի նախագահն արդեն իսկ մեսիջներ է ուղարկել Եվրոպային՝ շեշտելով, որ վերջինս չի կարող իրեն ինչ-որ բան պարտադրել կամ հորդորել ինչ-որ ուղղությամբ ընթանալ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ՍՊ