Բանանային մագնատները․ հեղափոխությունից հետո շուկայում ավելացել է միայն Սամվել Ալեքսանյանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

բանան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 27-ին Ազգային ժողովում կառավարության՝ անցած տարվա ծրագրի կատարման հաշվետվություն-զեկույցը ներկայացնելիս անդրադարձավ արհեստական մենաշնորհներն արմատախիլ անելու, տնտեսության մեջ հավասար մրցակցություն ապահովելու խնդրին: Փաշինյանը հայտարարեց՝ ոլորտում արդեն իսկ հաջողություն կա:

2018-ի օգոստոսի 17-ին հրավիրած հանրահավաքի ժամանակ Փաշինյանն անդրադարձել էր բանանի ու շաքարավազի մենաշնորհը վերացնելու խնդրին:

«2017 թվականին ասացի, որ Հայաստանում շաքարավազի և բանանի մենաշնորհը վերացնելու համար հարկավոր է 15-45 րոպե: Եվ, այո՛, վարչապետ դառնալուց հետո 40 րոպեի ընթացքում վերացրել եմ բանանի ու շաքարավազի մենաշնորհը, և ասում եմ` այսօր Հայաստանում չկա բանանի և շաքարավազի մենաշնորհ», - հայտարարել էր Փաշինյանը (տե՛ս 31:45 – 32:30):

24News-ի թղթակիցը գնացել է վարչապետի հայտարարության հետքերով՝ պարզելու, թե վերջին մեկ տարվա ընթացքում ի՞նչ է փոխվել լայն սպառման 4 ապրանքատեսակների՝ բանանի, շաքարավազի, կարագի և բենզինի ներկրման ոլորտում։

Այս հոդվածում կանդրադառնանք բանանի շուկային։

 

Բանան ներկրողների թիվը ոչ միայն չի ավելացել, այլև պակասել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ 2018-ի հուլիսի 30-ին կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել էին տարբեր ոլորտներում մենաշնորհային դիրք ունեցողների ու ազատ մրցակցության ապահովման վերաբերյալ հարցեր:

ՏՄՊՊՀ-ն, ամփոփելով մի շարք ապրանքային շուկաների կառուցվածքի ուսումնասիրությունը և գնահատելով դրանց կենտրոնացվածության աստիճանը, արձանագրել էր, որ այդ ապրանքային շուկաներում զգալիորեն ավելացել է տնտեսվարողների թվաքանակը, ինչի հետևանքով նվազել են գերիշխող տնտեսվարողների մասնաբաժինները:

Պետական եկամուտների կոմիտեից խնդրեցինք տրամադրել Հայաստան բանան ներկրող ընկերությունների ցանկը 2016, 2017, 2018 թվականներին: Իսկ ՀՀ վիճակագրական կոմիտեից խնդրեցինք տրամադրել տեղեկություն, թե որքան բանան է ներկրվել Հայաստան 2016, 2017, 2018 թվականներին, ինչպես նաև բանանի 1 կգ-ի միջին արժեքի մասին տվյալներ:

Այսպես, 2016-ին այլ երկրներից Հայաստան բանան է ներկրել 36 տնտեսվարող սուբյեկտ, ընդհանուր առմամբ Հայաստան է ներմուծվել 11270,34 տոննա բանան, 1 կգ-ի միջին ամսական մանրածախ արժեքը կազմել է 886 դրամ:

2017-ին բանան ներկրող տնտեսվարող սուբյեկտների թիվն ավելացել է 2-ով: Բանան է ներկրել 38 կազմակերպություն և անհատ՝ ընդահուր 12562,007 տոննա ծավալով: 1 կգ-ի միջին ամսական մանրածախ արժեքը կազմել է 756 դրամ:

2018-ին բանան է ներկրել 26 կազմակերպություն և անհատ։

Այսինքն՝ բանան ներկրողների թիվը ոչ միայն չի ավելացել, այլև 12-ով պակասել է: Ներկրվել է ընդհանուր առմամբ 22849,967 տոննա բանան՝ 82 %-ով ավելի 2017-ի համեմատությամբ։ 1կգ-ի միջին արժեքը կազմել է 673 դրամ:

2019-ի հունվարին Հայաստան է ներմուծվել 1318,551 տոննա բանան, սպառողական շուկայում 1 կգ-ի միջին արժեքը կազմել է 669 դրամ, իսկ ահա փետրվարին բանանի 1 կգ-ի միջին արժեքը բարձրացել է, դարձել 738 դրամ:

բանան

 

Միհրան Պողոսյանին վերագրվող «Քեթրին գրուպ» ընկերությունը շարունակում է պահպանել գերիշխող դիրքը

Բանանի շուկայում երկար տարիներ գերիշխող է եղել «Քեթրին գրուպ» ընկերությունը, որն անմիջականորեն առնչվում է ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ-ական նախկին  պատգամավոր Միհրան Պողոսյանին: Համաձայն ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի տվյալների՝ «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրել է Միհրան Պողոսյանը։ Նրանից բացի՝ ընկերությունում բաժնեմաս է ունեցել նաև կինը՝ Կարինե Մխիթարյանը:

2016-ին, երբ բանանի շուկայում գործել է 36 տնտեսվարող, «Քեթրին գրուպ»-ի մասնաբաժինը կազմել է 57 %: Նույն պատկերն է նաև 2017-ին՝ կրկին 57 % մասնաբաժին է զբաղեցրել, թեև ներկրողների թիվն ավելացել է 2-ով: Իսկ ահա 2018-ին, երբ շուկայում գործել է ընդամենը 26 տնտեսվարող, «Քեթրին Գրուպ»-ը զիջել է դիրքերը՝ զբաղեցնելով շուկայի միայն 30 %-ը: Չնայած իշխող դիրքը 27 %-ով զիջելուն՝ հանձնաժողովի իրականացրած վերջին ուսումնասիրության համաձայն՝ բանանի շուկայում գերիշխող դիրք շարունակում է զբաղեցնել «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ն։

Գերիշխող դիրք զբաղեցնող այլ ընկերություն, ըստ հանձնաժողովի տվյալների, 2018-ին չի եղել: 

1

 

Ովքե՞ր են բանանի շուկայի «խաղացողները» կամ «Ի սկզբանե բանն էր, ավելի ճիշտ՝ բանանը»

ՏՄՊՊՀ նախագահը, անդրադառնալով բանանի շուկային, ընդգծել էր, որ մինչև վերջերս շուկայի 90 տոկոսը պատկանում էր մեկ ընկերության և նրան կապակցված ընկերություններին: Վերջին ամիսների ընթացքում էապես ավելացել է բանան ներմուծող ընկերությունների թիվը: Բանան ներկրողների՝ ՊԵԿ-ի տրամադրած ցանկից փորձեցինք հասկանալ՝ շարունակո՞ւմ են արդյոք շուկայում գործել «Քեթրին Գրուպ»-ին փոխկապակցված ընկերությունները:

2017-ի հունվարի 20-ին «ԵԼՔ» դաշինքի համաժողովում այն ժամանակ դեռ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե կառավարությունը չի կարողանում կոտրել բանանի մենաշնորհը։ «Բանանի մենաշնորհի խնդիր չկա»,- հունվարի 23-ին տարածած հաղորդագրության մեջ պնդել էր ՊԵԿ-ը՝ Փաշինյանին հրավիրելով բանանի շուկայի վերաբերյալ համատեղ քննություն իրականացնելու: Արդյունքում Փաշինյանը  «Ի սկզբանե բանն էր, ավելի ճիշտ՝ բանանը» վերտառությամբ հոդվածում գրել էր. «Հայաստանի բանանի շուկայի 85 և ավելի տոկոսը պատկանում է «Քեթրին գրուպ» և «Մելատրոպիկ» ընկերություններին: Դրանք դե ֆակտո նույն սեփականատերերին պատկանող ընկերություններ են, թեև հիմնադրվել են տարբեր մարդկանց կողմից»: 

2016 և 2017 թվականներին բանանի շուկայում խոշոր ներկրող համարվող, «Քեթրին Գրուպ» ընկերությանը փոխկապակցված «Մելատրոպիկ» ընկերությունը 2018-ին լքել է շուկան: Այս ընկերությունը 2018-ի մարտից այլևս գրանցված աշխատակից չունի։

1

«Քեթրին Գրուպ»-ին փոխկապակցված մեկ այլ՝ «Ֆրուտ Վորլդ» ընկերությունը, շարունակում է իր գործունեությունը բանանի շուկայում: Բանան ներկրողների ցանկում շարունակում է գործել նաև Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Հայկ Սարգսյանին պատկանող «Ակնաձոր» ընկերությունը:    

 

«Խաղացողների» փոփոխություն. դե ֆակտո՞, թե՞ դե յուրե

Ըստ ՊԵԿ-ի՝ 2018-ին Հայաստան բանան ներկրող 26 տնտեսվարող սուբյեկտներից 13-ը 2018-ին է մուտք գործել բանանի շուկա: Ի դեպ, այդ ընկերությունների մեծ մասն իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է 2018-ի մայիսից հետո։

Նոր տնտեսվարողների ցանկում է «Բանանեկ» ընկերությունը, որը պետռեգիստրում գրանցվել է 2018-ի հունիսի 29-ին: Հիմնադիրը «Քեթրին Գրուպ» ընկերության սեփականատեր, գլխավոր տնօրեն Ռիկարդո Անտոնիո Մերինոն է, որը Միհրան Պողոսյանի մտերիմն է համարվում։

Ռիկարդո

ՊԵԿ-ի տվյալների համաձայն՝ բանանի շուկա մուտք գործած 13 նոր տնտեսվարողների ցանկում է նաև «Սիթի» ընկերությունը։ Պետռեգիստրում այն գրանցվել է 2018-ի մայիսին, հիմնադիրը Վարդան Ֆարմանյանն է՝ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի տնօրենը:

Հետաքրքիր է, որ եթե մայիսին այս ընկերությունն ունեցել է ընդամենը 2 գրանցված աշխատակից, հունիսին՝ 3, ապա հուլիսին նրանց թիվը միանգամից դարձել է 2927, օգոստոսին՝ 3396, սեպտեմբերին կրկին դարձել է մեկ աշխատակից, իսկ հոկտեմբերին՝ 3669, նոյեմբերին՝ 3 929, դեկտեմբերին՝ 4 428  աշխատակից։ Թե ինչո՞ւ է սեպտեմբերին ընկերությունն ընդամենը 1 աշխատակից ցույց տվել, պարզ չէ։ 2019-ի հունվարին աշխատակիցների թիվը 3 757 է դարձել, իսկ ահա փետրվարից հետո այլևս գրանցված աշխատակից ցույց չի տալիս։

1

Բանան ներկրող ընկերություններից մեկը՝ գերիշխող դիրք ունեցողը, զբաղեցնում է շուկայի 30 %-ը: Իսկ մնացած 70 %-ը ո՞վքեր են:

Պարզել, թե բանան ներկրող մնացած 25 տնտեսվարող սուբյեկտներից յուրաքանչյուրը շուկայի քանի տոկոսն է զբաղեցնում կամ ովքե՞ր են շուկայում խոշոր տնտեսվարող սուբյեկտները, գործնականում հնարավոր չէ։ ՏՄՊՊՀ-ից հայտնում են, որ վերահսկողություն իրականացնում են միայն գերիշխողների նկատմամբ, ուստի ունեն միայն շուկայում գերիշխող դիրք ունեցողների վերաբերյալ տեղեկատվություն:

Իսկ թե բանանի շուկա մուտք գործած «նոր» խաղացողներից յուրաքանչյուրն ի՞նչ ծավալով է բանան ներկրում, հայտնի չէ։ ՊԵԿ-ը հրաժարվում է տրամադրել այդ տեղեկությունը՝ նշելով, որ դա առևտրային գաղտնիք է։

Լիլիթ Հովհաննիսյան

 

Հոդվածը պատրաստվել է Public Journalism Club (PJC) Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ) ՀԿ-ի Միացյալ Նահանգների Մարշալի գերմանական հիմնադրամի ծրագիր հանդիսացող Բլեք Սի Թրասթի (Black Sea Trust for Regional Cooperation) ֆինանսավորմամբ «Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» ծրագրի աջակցությամբ։