2016-ին Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը համախմբված էին հանուն Արցախի ու մեր հաղթանակի․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

գ

Չկար կուսակցական շահ,կար Հայաստան-Արցախ միասնություն ու վերջ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը․

«Պատերազմները հաղթում կամ պարտվում են նախ մայրաքաղաքներում…

Ինձ հաճախ են հարցնում, ո՞ր Հայաստանում կուզենայի ապրել։

Ասեմ. այդպիսի Հայաստանում մենք բոլորս ապրել ենք, ապրել ենք համախմբված ու միասնական։

2016-ի ապրիլի Հայաստանն էր իրական ազգային ու համախմբված Հայաստանը։

Այդ Հայաստանի խորհրդարանում բոլոր քաղաքական ուժերը համախմբված էին հանուն Արցախի ու մեր հաղթանակի։

Բոլորս մի կողմ դրեցինք ներքաղաքական տարաձայնությունները։

Մենք՝ իշխանություններս, բաց էինք ընդդիմության համար,բոլորս միասին էինք,բոլորը խորհրդարանում դարձել էին քույրեր եւ եղբայրներ,որոնք կանգնած էին իրենց ծնողի՝ ՀՀ-ի թիկունքին պաշտպանելու իր զավակին՝ Արցախին։

Հիշում եմ, պետք է շտապ հայտարարության տեքստ գրեինք։

Հայտարարության ընդունումն անիմաստ կլիներ, եթե բոլոր խմբակցությունները միասնաբար հանդես չգային։

Աժ նախագահ Գալուստ Սահակյանը վատառողջ էր եւ գտնվում էր հիվանդանոցում։

Խորհրդարանում միասնականությունն ապահովելու պատասխանատվությունն ընկած էր Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի,ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի եւ ձեր խոնարհ ծառայի վրա։

Որոշեցինք իմ աշխատասենյակում հավաքվել ընդդիմադիր խմբակցությունների հետ միասին։

20 րոպե հետո բոլոր խմբակցությունների ղեկավարներն իմ աշխատասենյակում էին,հրավիրել էինք նաեւ ՊՆ եւ ԱԳն ղեկավարությանը։

Տեքստը հավաքեցինք բոլորս միասնաբար:

Լրագրողները սպասում էին միջանցքում։

Շունչները պահած սպասում էին լուրերի։

Դուրս եկանք լրագրողների մոտ բոլորս…հարցերն ուղղեցին նախ ինձ։

Պատասխանեցի, որ մենք բոլորս մի նավի մեջ ենք ու զիջեցի հարցերին պատասխանելու իրավունքն ընդդիմությանը։

Խոսեց Լեւոն Զուրաբյանն…այսօրվա նման հիշում եմ։

Ասեց ես քարը քարին չեմ թողել՝ քննադատելով Շարմազանովին ու ողջ ՀՀկ ֆրակցիային,բայց այսօրվանից մենք բոլորս նույն խրամատում ենք։

Նույն գնահատականներն էին տալիս բոլոր ուժերը։

Աժ-ից բոլորս միասին այցելեցինք Մուրացանի զինվորական հսպիտալ՝ տեսակցելու մեր հերոս զինվորներին։

Վահրամ Բաղդասարյան,Կորյուն Նահապետյան,Ստեփան Դեմիրճյան, Լեւոն Զուրաբյան,Միքայել Մելքումյան, Միքայել Մանուկյան, Մհեր Շահգելդյան, Հրայր Թովմասյան, Արտակ Զաքարյան Հովհաննես Սահակյան, Էդուարդ Շարմազանով…բոլորս միասին այցելեցինք հայ զինվորներին Մուրացանի հոսպիտալում։

Բոլոր պատգամավորներն էին հայ զինվորի կողքին՝ առանց բացառության։

Չկար կուսակցական շահ, կար Հայաստան-Արցախ միասնություն ու վերջ։

Չկար ընդդիմություն ու իշխանություն։

Բարձր գնահատելով այն ժամանակվա ընդդիմության դրական դերը՝ նշեմ,որ նման կառուցողականության հասանք նախ եւ առաջ 2016-ի իշխանությունների ու, մասնավորապես, նախագահ Սերժ Սարգսյանի պետականամետ վարքագծի հետեւանքով։

Մենք Նիկոլի նման չբաժանեցինք քաղաքական ուժերին նախկինների ու ներկաների,սեւերի ու սպիտակների, «դավաճանների» ու վհուկների որս չսկսեցինք։

Դրա համար էլ հաղթեցինք։

Հաղթեցինք,քանի որ մայրաքաղաքում միասնական էինք։

Իսկ հաղթում կամ պարտվում են նախ եւ առաջ մայրաքաղաքում,այլ ոչ թե ռազմաճակատում»,- գրել է Շարմազանովը։ 

 --00—ՍՊ