Մակունցը Լոս Անջելեսի քաղաքապետին և փոխոստիկանապետին է փոխանցել Ավինյանի և ՆԳ նախարարի նամակները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

դ

Ս․թ․ մարտի 1-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի աշխատանքային այցը Լոս Անջելես մեկնարկեց պաշտոնական հանդիպումներով։ Այցի առաջին օրը դեսպան Մակունցը հանդիպեց Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասսի հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Քրեքորյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը։ Հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ 

Դեսպան Մակունցը քաղաքապետ Բասսին փոխանցեց Երևանի քաղաքապետ Տիգրանի Ավինյանի նամակը՝ երկու քաղաքների միջև համագործակցությունը խթանելու վերաբերյալ։ Զրուցակիցները պայմանավորվեցին կապի մեջ դնել քաղաքապետարանների ներկայացուցիչներին՝ փոխգործակցության բազմոլորտ օրակարգ մշակելու համար։

Հաջորդիվ՝ դեսպան Մակունցը առանձին հանդիպում ունեցավ նաև Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Քրեքորյանի հետ, որի ընթացքում ուրվագծվեցին երկկողմ աշխատանքներն առաջ մղելու հնարավորությունները:

հ

Նույն օրը դեսպան Մակունցը հանդիպեց նաև Լոս Անջելեսի ոստիկանապետի տեղակալ Դանիել Ռանդոլֆի հետ: Դեսպան Մակունցը զրուցակցին ներկայացրեց Ներքին գործերի նախարարությունում բարեփոխումների հիմնական ուղղությունները, փոխանցեց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի նամակն՝ ուղղված Լոս Անջելեսի ոստիկանապետին։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին համագործակցության հնարավոր ոլորտների վերաբերյալ։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց աշխատանքներ սկսել հատկապես կրթական, փորձի փոխանակման ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով:

--00—ՍՊ