Ստիպված էինք ընդդիմադիր պատգամավոր Սերգեյ Բագրատյանի օրինագծի վերաբերյալ առաջարկը մերժել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 18, 24News

00-354

Կարծրատիպերով չենք առաջնորդվել, բայց ստիպված ենք եղել ընդդիմադիր պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծի վերաբերյալ  առաջարկը մերժել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, կառավարության նիստում ասաց հարցի զեկուցող ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Կարծրատիպերով չենք առաջնորդվել եւ դա սկզբունք չի եղել։ Բայց ստիպված ենք եղել ընդդիմադիր պատգամավորի առաջարկը մերժել հետեւյալ հիմնավորմամբ՝ պատգամավորը առաջարկում է լրացում կատարել հետեւյալ բովանդակությամբ՝ գիտական գործունեությունն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության կողմից ԳԱԱ–ին ամրացված գույքը հասարակական կամ պետական կարիքների համար կարող է օտարվել միայն բացառիկ դեպքերում՝ օրենքով։ ՀՀ կառավարությունը առաջարկում է օրենքի նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ՝ ելնելով մի շարք նկատառումներից՝ մասնավորապես, նախագծից պարզ չէ, թե որ դեպքերն են դիտարկվում բացառիկ, որոնց առկայության պարագայում միայն օրենքով կարող է օտարվել ԳԱԱ–ին ամրացված գույքը, ինչով է պայմանավորված ԳԱԱ–ի առանձնահատկությունը գույքի օտարման կարգավորումների հարցում»։

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ նախագծին կից ներկայացված  հիմնավորման մեջ ներկայացված չեն առանձնահատկությունները, որոնցից ելնելով հարկ է առաջանում ԳԱԱ–ի համար բացառություններ նախատեսել գույքի օտարման կարգում. «Նշված տեղեկության բացակայությունը հնարավորություն չի տալիս լիարժեք գնահատելու ներկայացված նախագծի ընդունման անհրաժեշտությունը եւ հիմնավորվածությունը։ Բացի այդ, ՀՀ ԳԱԱ գիտական եւ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող միակ կառույցը չէ։ Գիտական կազմակերպությունների գույքի օտարման որոշումը իրականացնում է կազմակերպության կառավարումն իրականացնող լիազոր պետական մարմնի համաձայնությամբ, հետեւաբար կազմակերպության շահերը հաշվի են առնվում»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շեշտեց, որ նախագիծը 2 տարի ուշացել է. «Ես, անկեղծ ասած, երբեմն մի փոքր զարմանում են այն դիսկուրսի տրամաբանության վրա, որ դեռ Հայաստանում շարունակվում է։ Ես այս նախագիծը, որ կարդում եմ, տպավորություն է, որ ինչ–որ մեկը կառավարությունից որոշել է ԳԱԱ շենքը օլիգարխի վաճառել, ընդ որում թաքուն, որ ոչ մեկ դրա մասին չիմանա, եւ հիմա ընդդիմությունը արագի մեջ խնդիրներ է լուծում, որ այդ շենքը պաշտպանի օտարումից։ Հարգելիներս, այդ ժամանակներն անցել են, եւ ես ուզում եմ մեր քաղաքական գործիչներին կոչ անել, որ փախեփախի տրամաբանությունից դուրս գանք, թե բոլորը հավաքված են ինչ–որ տեղից ինչ–որ բան գողանալու, տանելու, մսխելու։ Ես այս նախագիծը ընդհանրապես չեմ հասկանում։ Ինչո՞ւ միայն ԳԱԱ շենքը, եկեք նույն օրենքը ընդունենք կառավարության շենքի մասին, հանրապետության հրապարակի մասին, որ այն կարող է օտարվել բացառիկ դեպքերում։ Եթե այս օրենքի նախագծի անհրաժեշտությունը կար, ապա 2 տարի անցել է։ 2 տարի առաջ պիտի բերեին, որ այն որեւէ բացատրություն ունենար»։