«Իմ քայլը» հանդես է գալու սահմանադրական փոփոխություններ կատարելու առաջարկությամբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

.

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդես են գալու սահմանադրական փոփոխություններ կատարելու գործընթաց նախաձեռնելու առաջարկությամբ: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Պատասխանելով խորհրդարանական ընդդիմության կողմից բարձրացրած խորհրդարանական վերահսկողության ամրապնդմանն ուղղված հարցադրումներին՝ հայտնում եմ, որ շուտով ես և «Իմ քայլը» խմբակցությունից մի շարք այլ պատգամավորներ հանդես ենք գալու սահմանադրական փոփոխություններ կատարելու գործընթաց նախաձեռնելու առաջարկությամբ, որի նպատակը այլ հարցերի հետ մեկտեղ լինելու է նաև Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմիններին Ազգային ժողովի հերթական նիստերին պատգամավորների հարցերին պատասխանելու հրավիրելը:

Այսպիսով, այն, ինչ վերջին շրջանում բնութագրվել է որպես գրեթե անհնար կամ մի բան, որին խորհրդարանական մեծամասնությունը դեմ է, ինչպես տեսնում ենք, չի համապատասխանում իրականությանը: Եվ ուրեմն, չնայած ԱԱԾ-ին, ՊԵԿ-ին, Ոստիկանությանը ԱԺ հարցուպատասխանին մասնակից դարձնելու ցանկությունը մեր ընդդիմադիր գործիչներինն էր, այս ուղղությամբ համատեղ աշխատանքների առաջարկը համարվեց անիրատեսական:

Այդ իսկ պատճառով, կարևորելով նշված կառույցների հանրային հաշվետվողականությունը, մենք ինքներս ենք նախաձեռնելու նրանց ԱԺ հրավիրելու համար անհրաժեշտ փոփոխությունները»:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկել էր ԱԱԾ-ն և ոստիկանությունը խորհրդարանական վերահսկողության ներքո վերադարձնել: