Մենք մի երկիր ենք, որը կօգնի Հայաստանին, որքան կարող է․ Հունաստանի ՊՆ նախարարը՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

ff

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը նշել է. «Շնորհակալություն, պարոն վարչապետ,

Նախ, թույլ տվեք փոխանցել իմ երկրի վարչապետի ողջույնները, ում հետ Դուք մի քանի օր առաջ հանդիպեցիք։ Շատ արդյունավետ և հաջող այց էր, ինչի մասին վկայում են հանդիպման արձանագրությունները։ Կրկին շնորհակալություն մեր կապերը պաշտպանական ոլորտում ուժեղացնելու ջանքերի համար։

Մենք ծավալուն քննարկում ունեցանք պարոն Պապիկյանի հետ, ով նույնպես այցելեց մեզ 2023 թվականի դեկտեմբերին: Իմ այցը տեղի է ունենում նրա Աթենք կատարած այցից հետո։ Այս անգամ մենք շատ գործնական հանդիպում ունեցանք, այսինքն՝ ոչ միայն քննարկումների, այլ նաև գործնական քայլերի առումով։

Վստահ եմ, նա Ձեզ կզեկուցի մեր առաջիկա անելիքների մասին։ Մենք մեզ տեսնում ենք որպես մի երկիր, որը կօգնի Հայաստանին այնքան, որքան կարող ենք՝ հաշվի առնելով մեր պատմական կապերը, նաև այն բանի համար, որ մենք շատ մտերիմ երկրներ ենք, և իսկապես ցանկանում ենք դա անել»:

Զրուցակիցները վերահաստատել են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների հետագա իրականացման քայլերը, անդրադարձ կատարել ռազմական կրթության և այլ ուղղություններով փոխգործակցությանը:

Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, տարածաշրջանային խաղաղության ու կայունության ապահովման քայլերի շուրջ:

--00—ՍՊ