Աննա Հակոբյանը հյուրընկալել է Տորոնտոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Վան Լապոյանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

.

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և  «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի  18-ին ընդունել է Տորոնտոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Վան Լապոյանին, կանադահայ բարերարներ Խորեն Մարդոյանին և Հայկ Լապոյանին:

Հանդիպմանը ներկա է գտնվել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը: Վան Լապոյանը խնդրել է մանրամասն ներկայացնել «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը՝ շեշտելով, որ Կանադայում բազմաթիվ հայ գործարարներ ցանկություն ունեն իրենց մասնակցությունն ունենալ հիմնադրամի ծրագրերում: Աննա Հակոբյանը շեշտել է, որ հիմնադրամի ուղղությունները լայն են և ընդգրկուն:

«Հիմնադրամի բոլոր ծրագրերի հիմքում կրթությունն է: Մեր նպատակն է երկարաժամկետ ծրագրերի միջոցով հասնել լուրջ փոփոխությունների, բարձրացնել մարդկանց կենսամակարդակը, փոխել մտածելակերպը»,- ասել է Հովհաննես Ղազարյանը՝ մանրամասն ներկայացնելով հիմնադրամի գործունեության ուղղությունները:

Վան Լապոյանի խնդրանքով Հովհաննես Ղազարյանը ներկայացրել է «Հայաստանն առանց պլաստիկե թափոնների» ծրագրի, հիմնական ուղղությունները: Ղազարյանը շեշտել է, որ ծրագիրը իրականացման փուլում է և հիմնական նպատակն է հասարակության լայն զանգվածների շրջանում հասնել վարքագծի փոփոխության, որպեսզի մարդիկ հրաժարվեն կիրառել պլաստիկե իրեր:

Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ուղղված հարցեր: