Քենեդու սպանության մեջ ինձ կասկածնելն ավելի հիմնավոր կլիներ․ Դավիթ Սանասարյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

Դավիթ

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, որին ապրիլի 18-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, ֆեյսբուքյան էջում գրել է․

«Խորհուրդ ու խնդրանք

Հիմա պղտոր ջրում ձուկ բռնողների մի մեծ բանակ կա. նախկին իշխանության քարոզիչներն, իբր ինձ պաշտպանելով՝ փորձում են իշխանությանը թուլացնելու իրենց մարմաջը բավարարել։ Բոլոր դեպքերում տեղեկատվական տարատեսակ տարափի պայմաններում մի պահ կանգ առեք և հիշեք, որ պետական շահը գլխավորն է։

Սիրելինե՛ր ջան, գոտեպնդված ու միևնույն ժամանակ համեստացած եմ ձեր մեծ վստահության մթնոլորտում։

Հ.Գ. Քենեդու սպանության մեջ ինձ կասկածնելն ավելի հիմնավոր կլիներ, քան կոռուպցիայի հետ կապ ունենալը։

Սիրում եմ բոլորիդ», - գրել է Սանասարյանը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ հայտնել էր, որ, հաշվի առնելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից թույլ տրված ենթադրյալ չարաշահումների փաստի առթիվ հարուցված քրեական գործի նկատմամբ առկա հանրային հետաքրքրությունը, ՀՀ ՊՎԾ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու և օգտագործելու դեպքերի առթիվ 2019 թվականի փետրվարի 20-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2019 թվականի ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: