Բացառում եմ, որ որևէ պաշտոնյայի գլխին կարող են գործ սարքել. Լենա Նազարյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը բացառում է, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ քաղաքական պատվեր է իրականացվում։

«Բացառում եմ, որ որևէ մեկի, որևէ պաշտոնյայի, այսպես ասած, գլխին կարող են գործ սարքել։ Նաև բացառում եմ, որ որևէ մեկը մեղավոր լինելու դեպքում մնա անպատիժ», - ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ փոխնախագահը։

Լենա Նազարյանը նշել է, որ ԱԱԾ-ի կողմից քննվող քրգործի փաստերը հասանելի չեն, բայց վստահում է ԱԱԾ-ի գործողություններին։

«Ասել ենք, որ կոռուպցիայի, չարաշահումների, վատնումների դեմ պայքարում մարդկանց չենք բաժանելու յուրայինների, օտարների, ինչպես եղել է նախկինում։ Այդ բաժանումը չի լինելու։ Եվ կարծում եմ՝ արդեն համոզվել եք», - ասել է Լենա Նազարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։