ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News
ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում ավարտվել է Բռնակոթում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել տուժողի 22-ամյա որդուն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019 թ. հունվարի 6-ին՝ ժամը 17:00-ի սահմանում,Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բռնակոթ բնակավայրի տներից մեկում տեղի է ունեցել սպանություն:
Նախաքննությամբ պարզվել են սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ դեպքի օրը՝ 2019 թվականի հունվարի 6-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել 1997 թվականին ծնված երիտասարդի եւ վերջինիս 51-ամյա հոր միջեւ, որի ժամանակ էլ երիտասարդը խոհանոցային դանակով վնասվածքներ է հասցրել հոր պարանոցին եւ դեմքին, այնուհետեւ վառարանին դրված աղյուսով երկու անգամ հարվածել գլխին, որից հետո մեկ այլ խոհանոցային դանակով մի քանի անգամ հարվածել նաեւ կրծքավանդակին:
Արդյունքում տղամարդը մահացել էր՝ դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, ձախ վերին վերջույթի բութ, սուր, թափանցող եւ չթափանցող վնասվածքներից առաջացած տրավմատիկ եւ հեմոռագիկ շոկից:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1997 թվականին ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: