Միշտ ասել եմ, որ Արցախը պետք է մասնակցի, բայց էս փուլում չեմ պատկերացնում․ Սամվել Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

1

Եթե հասարակությունն ազատ է, տվեք հնարավորություն, թող մարդիկ մասնակցեն, պարտվեն, գիտեք, որ մարդիկ հաղթելու են, երկու ոտքը դրել եք մի կոշիկի մեջ որ ի՞նչ, գնալու ենք, բոլոր բարիերները անցնելու ենք, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի հերոս, ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ ի պատասխան այն պնդումներին, թե ինքը չի կարող մասնակցել հաջորդ տարի սպասվող նախագահական ընտրություններին, քանի որ ԼՂՀ քաղաքացի չէ:

«Պատրաստվում ենք օրենքով շարժվել, երբ ես 2007 թ-ին մասնակցել եմ ընտրություններին ես ՀՀ-ում 5 տարվա կացություն չեմ ունեցել, մենք մի երկիր ենք, փորձում ենք էդ մարդկանց հասկացնել՝ օրենքը ընտրական մի՛ կիրառեք, բոլորի համար հավասար է: Էսօրվա գործող ղեկավարը եկել է 1999թ-ին՝ Մոսկվայից, 2007-ին ո՞նց է դարձել ԼՂ նախագահ, 10 տարվա կացությունը կա՞ր: Ոստիկանություն թուղթ է տալիս, որ ժամանակ առ ժամանակ եկել է, գնացել, ես էլ, դուք էլ գիտենք՝ ժամանակ առ ժամանակ Ղարաբաղ գնում-գալիս էի: Փորձում են խանգարել, քանի որ գիտեն՝ ընտրություններում իմ մասնակցության դեպքում կարող է լուրջ մրցակցություն լինել և ես հաջողություն ունենամ»,-նկատեց Սամվել Բաբայանը:

Նա կրկին հիշեցրեց, որ ԼՂՀ Սահմանադրության 47–րդ հոդվածում փոփոխություններ իրականցնելու համար ստորագրահավաք են սկսելու:

«ԱՀ և ՀՀ ցանկացած քաղաքացի իրավունք ունի ԼՂՀ պատգամավորի, նախագահի ընտրություններին մասնակցել ու վերջ: Եթե Ղարաբաղից գալիս ենք, Երևանում մասնակցում ենք ընտրություններին, ոչ ոք մեզ չի ասում, որ դու քաղաքացի չես: Սահմանադրությունը Բաբայանն իր համար չի փոխում, էսօր երիտասարդներ կան, որ  եկել են սովորելու, 4-5 տարի բացակայել են, նրանք իրավունք չունե՞ն այնտեղ մասնակցել խորհրդարանական ընտրություններին»,-նշեց Սամվել Բաբայանը:

Նրա խոսքով՝ ընտրությունների մասնակցության հարցով վերջանական որոշում կլինի, երբ հասարակության հետ հանդիպումների շարքն ավարտվի: Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք իր հիմնական մրցակիցը Վիտալի Բալասանյանն է, ապա Սամվել Բաբայանն ասաց, որ այս պահին մրցակից չի տեսնում, ընտրություններին դեռ մեկ տարի կա, շատ բան կարող է փոխվել:

Անդրադառնալով Ղարաբաղյան հարցով բանակցություններին՝ Սամվել Բաբայանն ասաց.

«Հիմա ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ընթանում է դիրքերի ճշտում, ի՞նչ քաղաքականություն է վարվելու և ի՞նչ ձևաչափով: Ինչ վերաբերում է Արցախի մասնակցությանը բանակցություններին, ապա Ադրբեջանը չի համաձայնելու, բայց դա խնդիր է, որը պիտի լուծվի, ես միշտ ասել եմ, որ Արցախը պետք է մասնակցի, բայց դա էս փուլում ես չեմ պատկերացնում»,- ընդգծեց նա: