Թուրքիան փորձում է փարատել ԱՄՆ-ի մտահոգությունները S-400-ների հետ կապված

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

.

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ռումինիայի և Լեհաստանի արտգործնախարարների հետ հանդիպումմից հետո մամուլի ասուլիս է տվեl, որի ընթացքում խոսել է ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի և ամերիկյան  «F-35» նոր սերնդի կործանիչների շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը:

Ինչպես հայտնի է, թուրք-ամերիկյան հարաբերությունները վերջին ժամանակներս լարվել են, ինչը պայմանավորված է Թուրքիայի կողմից S-400-ների ձեռքբերման հետ։ Ի պատասխան դրան՝ ամերիկյան կողմը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Թուրքիային չի մատակարարելու F-35-երը, մինչև Անկարան չհրաժարվի S-400-ներից։ Ամերիկյան կողմը Թուրքիան սպառնացել է նաև այլ  պատժամիջոցներով։

Ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն խոսել է ԱՄՆ-ի այն մտավախությունների մասին, որ եթե ԱՄՆ-ն այդ կործանիչները մատակարարի Թուրքիային, ապա այնտեղ տեղակայված S-400-ների միջոցով ռուսական կողմը կարող է տեղեկություններ հավաքել ամերիկյան կործանիչների տեխնոլոգիաների  մասին։

«Մենք ճիշտ չենք համարում այդ պնդումները։ Այս հարցով վերջին խոսքը թող մասնագետները ասեն։  Այսօր Սիրիայում S-400-ներ կան։ Սիրիայի տարածքով ԱՄՆ-ի և Իսրայելի F-35-ները բազմիցս անցել են։ Եթե այդ պնդումն իրական է, ապա նշականում է, որ այդ համակարգը վաղուց մուտք է գործել։  Նույն կերպ, Նորվեգիայի հյուսիսային շրջաններին սահմանակից ռուսական տարածքում կան S-400-ներ և Նորվեգիայի F-35-երը այդ տարածքներով թռիչքներ են իրականացնում»,-ասել է թուրք պաշտոնյան և հավելել, որ ԱՄՆ-ի մտավախություններն անհիմն են։