Սկսենք ատել մեր աղքատությունը, խեղճությունը․ վարչապետի տնտեսական հեղափոխության մոդելը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

1

Տնտեսական հեղափոխության իրագործման մեթոդը լինելու է նույն քաղաքական հեղափոխության նման՝ առանցքը անհատական ջանքն է, քաղաքացիներին խրախուսելը Այս մասին Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դրան ի պատասխան տեղից արձագանքեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ նկատելով, որ քաղաքական և տնտեսական հեղափոխությունների միջև որոշակի տարբերություն կա։

«Քաղաքական հեղափոխության հիմքում ընկած էր ատելությունը, անհանդուրժողականությունը, իսկ տնտեսական հեղափոխության առումով մարդկանց մտածողությունը, հոգեբանությունը պետք է փոխվի»,- ասաց նա:

Վարչապետը համաձայնեց, որ քաղաքական և տնտեսական հեղափոխությունները նույնը չեն, բայց խնդիրը պետք է լուծվի նույն ալգորիթմով:

«Քաղաքական հեղափոխության պարագայում, եթե ընդունենք ատելությունը, ինչն էր ինքն ատում, այն, որ ընտրելու հնարավորություն իրեն չէր տրվում, բռնություններ, ամենաթողություն և այլն: Տնտեսական հեղափոխության պարագայում ատելության նոր օբյեկտ ենք առաջարկում, մենք առաջարկում ենք, որ մենք սկսենք ատել մեր աղքատությունը: Խեղճությունը, նախաձեռնողականության բացակայությունն ատել, մենք ուզում ենք մարդկանց օգնել, որպեսզի իրենք իրենց ուժը գիտակցեն»,- զուգահեռներ անցկացրեց վարչապետը: