Ղազախստանը ջրհեղեղների պատճառով չեղարկել է Աստանայի միջազգային ֆորումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

1134717

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում լայնածավալ ջրհեղեղներով պայմանավորված միջոցները խնայելու անհրաժեշտությունից ելնելով՝ չեղարկել է այս տարվա հունիսի 13-14-ը նախատեսված Աստանայի միջազգային համաժողովը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ղազախստանում աննախադեպ ջրհեղեղի պատճառով առաջացած լայնածավալ ավերածությունների հետևանքները վերացնելու և քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական միջոցներ խնայելու անհրաժեշտությունից ելնելով՝ որոշել է չեղարկել Աստանայի միջազգային ֆորումը»,- նշված է նախագահի մամուլի ծառայության Telegram ալիքում։

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հույս է հայտնել, որ միջոցառմանը հրավիրված մասնակիցները ըմբռնումով կվերաբերվեն այս որոշմանը։ Նշվում է, որ Աստանայի միջազգային ֆորումը աշխատանքը կվերսկսի 2025 թվականին։

Ավելի վաղ Տոկաևը հայտնել էր, որ ներկայիս ջրհեղեղները ամենամեծն են վերջին ավելի քան 80 տարիներին։ Երկրի մի շարք շրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն։

--00—ՅՄ