Մաքուր Երևան պարտադիր լինելու է, և մենք դրա ճանապարհին ենք. Հայկ Մարության

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Հայկ

«Մաքուր Երևան պարտադիր լինելու է, և մենք դրա ճանապարհին ենք»,-այդ մասին  Երևանի ավագանու նիստի ընդմիջմանը հայտարարել է քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին հարցը քննարկելիս:

««Սանիթեք»-ին սկզբում ասվել էր, որ եթե դուք ապահովեք ձեր բնականոն աշխատանքը և ապահովեք Երևանի մաքրությունը, մենք միայն ուրախ կլինենք, բայց տեսանք, որ իրենք թերանում են: Դրա համար ձեռնարկում ենք այն միջոցառումները, որը դուք տեսնում եք»,- նշել է քաղաքապետը:

Հարցին՝ «Սանիթեք» ընկերությանը 13 մլն դրամ տուգանելուց հետո աշխատանքներն ինչպես են ընթանում, Հայկ Մարությանը պատասխանել է․ «Ընկերության աշխատանքից գոհ չեմ, բայց համեմատության մեջ մի փոքր լավացել է տուգանելուց հետո»:

Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների դժգոհություններին, որ աղբատար մեքենաների ձեռքբերման մասին իրենք տեղեկացված չեն եղել, Հայկ Մարությանն ասել է. «Մրցույթը հայտարարված էր 2 ամիս առաջ, բոլորը դրա մասին տեղյակ են, ոչ միայն ավագանու անդամները, այլևս ամբողջ հայությունը տեղյակ է դրա մասին»:

Ըստ քաղաքապետի՝ բոլորը պետք է իմանան իրենց իրավունքները՝ թե´ ավագանու անդամները, թե´ քաղաքապետարանի աշխատակազմը, թե´ քաղաքապետը։ 

«Քաղաքապետարանը պարտավորություն չունի ամեն ինչի մասին տեղյակ պահել: Նրանք բոլորը կարող են յուրաքանչյուր տիպի գրավոր հարց ուղղել մեզ և ստանալ պատասխան, ինչը մինչև այսօր արվել է»,- ասել է Մարությանը և վստահեցրել, որ որևէ տարբերակում չկա և չի էլ եղել ընդդիմադիր և իշխանական խմբակցությունների միջև: