Նորագավիթի մաքսային կետի տնօրենը Նիկոլ Փաշինյանի հետ ազգակցական կապ չունի․ ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 23, 24News

դավիթ անանյան

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հերքում է, թե Նորագավիթի մաքսային կետի տնօրենը Նիկոլ Փաշինյանի վարորդի ազգականն է։

«Ես մամուլից եմ տեղեկացել, հետո մենք պարզեցինք, որ դա ապատեղեկատվություն է, արյունակցական կապ չունեն էդ մարդիկ իրար հետ, ինչքանով որ ես գիտեմ՝ ծանոթ են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Անանյանը։

Նա նշեց՝ եթե խոսքը Գեղամ Սարբազյանի մասին է, ապա նա վաղուց է աշխատում ՊԵԿ-ում։

«Աշխատանքը սկսել է տեսուչից ու հասել հարկային տեսչության պետի տեղակալի պաշտոնին։ Իմ պաշտոնավարման ժամանակ հարկայինից տեղափոխվել է մաքսային»,- ասաց ՊԵԿ Նախագահը։

Նա նշեց, եթե նույնսիկ տեղեկությունը ճիշտ լիներ, թե նա Նիկոլ Փաշինյանի վարորդի մորաքրոջ տղան է, դրա մեջ վատ բան չկա։