Սեդրակ Քոչարյանի ներկայացուցչի խոսքով՝ Վանեցյանը ու՞մ անունն է նշել.դատական նիստն ավարտվեց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 23, 24News

 

վանեցյան

Աիդա Դավթյանի նախագահությամբ, տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը: Նիստն եղել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում։

Նախորդ դատական նիստում Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանի ներկայացրած ապացույցների վերաբերյալ Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը գրավոր դիրքորոշում ներկայացրեց այս դատական նիստին:

Վանեցյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը նշեց, որ Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանի ներկայացրած գրավոր դիրքորոշումը բաղկացած է երկու մասից: Առաջին մասում խոսվում է այն մասին, թե ապացույցներն անթույլատրելի են, քանի որ չի բացահայտվել, թե ինչ նպատակով են դրանք ներկայացվել, ինչ փաստի հաստատման նպատակով: «Վկայակոչված է քաղդատավարության օրենսգրքի վերաբերելիության հոդվածը, և նշված է, որ սույն իրավիճակում կողմը տրամադրելով ապացույցները չի հայտնել, թե դրանք որ փաստական հանգամանքների հաստատմանն են ուղղված»,- ասաց նա:

Ըստ փաստաբանի՝ երկրորդ մասը վերաբերում էր կոնկրետ իրենց կողմից ներկայացված ապացույցներից մեկին՝ ԱԱԾ-ի հաղորդագրությանը: «Մեր կողմից ներկայացվել են թվով ինը լրատվամիջոցում լույս տեսած հոդվածներ, որոնք հիմնավորում են, որ արտահայտություններն ուղղված չեն հայցվորին՝ Սեդրակ Քոչարյանին: Թե ինչպես են հիմնավորվում կամ չեն հիմնավորվում, դա արդեն դատաքննությունը կպարզի: Ամեն դեպքում մենք այս պահի դրությամբ նշում ենք, որ մամուլում լույս տեսած հոդվածները ներկայացվել են այդ փաստը ապացուցելու նպատակով»,- ասաց նա:

Փաստաբանի խոսքով՝ ասուլիսի հաղորդագրությունը, որը ներկայացվել է, ևս մեկ անգամ հիմնավորում է այն փաստը, որ Վանեցյանը գործել է որպես պաշտոնատար անձ, իսկ քրեական գործի հարուցման վերաբերյալ այդ երկու նյութերը՝ մեկը լրատվականներում լույս տեսած հոդվածը, մյուսը՝ ԱԱԾ-ի հաղորդագրությունը, ներկայացվել են ընդամենը հիմնավորելու համար, որ որոշակի փաստի առթիվ որոշակի հանցակազմի հատկանիշներով ներկայումս հարուցված է քրեական գործ: «Ես վեճի մեջ չեմ մտնի, եթե հայցվորը պնդի, որ չեն ապացուցում այդ փաստերը, որոնք ես նշեցի: Դա, իհարկե, դատաքննության բանավեճի խնդիր է»,- ասաց նա:

Վահագն Գրիգորյանը նշեց, որ ինչ վերաբերում է անմեղության կանխավարկածին, նա ասաց, որ քրեական դատավարության օրենսգիրքը նշում է, որ անթույլատրելի է այն ապացույցը, որը ձեռք է բերվել արդար իրավունքների խախտմամբ կամ խաթարում է արդար դատաքննության իրավունքը: «Եթե Սահմանադրությանը նայենք, ապա տվյալ ապացույցը չի վերաբերում արդար դատաքննության գաղափարի մեջ մտնող կոմպոնենտներին: Ինչ վերաբերում է հիմնական իրավունքների խախտմանը, սույն գործով պատասխանողն Արթուր Վանեցյանն է, ով ապացույցը ձեռք չի բերել հայցվորի հիմնական իրավունքների խախտմամբ»,- ասաց նա:

Վերջինս պարզաբանեց, որ ստացվում է՝ Վանեցյանը, ի դեմս իր ներկայացուցիչների, արտատպել է համացանցում օբյեկտիվորեն առկա տեղեկատվությունը և ներկայացրել է դատարան, այսինքն՝ ապացույցի ձեռքբերման պրոցեսը լիովին օրինական է: Ըստ փաստաբանի՝ եթե կա խախտում, ապա դա ապացույցի ձեռքբերման պրոցեսին չի վերաբերում:

«Եթե իմ ասածները դատարանը համարի անհիմն, ապա պետք է նշել, որ ապացույցը ներկայացվել է երկու փաստի հաստատման նպատակով. առաջին՝ կա հարուցված քրգործ 190 հոդվածի հատկանիշով, և որ հայցվորը այդ հաղորդագրության պահին ունեցել է մեղադրյալի կարգավիճակ: Մեղադրյալի կարգավիճակը, կարծես թե, հայցվորի ներկայացուցիչն ընդունեց դատավարական նիստով: Հոդվածը, կարծում եմ, որ հստակ կերևա, երբ ներկայացվի դատական ակտը: Տրամաբանությունից դուրս է, որ ԱԱԾ հաղորդագրությամբ փորձեինք հիմնավորել, օրինակ, որ անձը հանցանք է կատարել: Ընդամենը ներկայացվել է՝  ցույց տալու համար, որ կա գործ, և որ կա էդ գործով կարգավիճակ ունեցող անձ»,- նշեց Վահագն Գրիգորյանը:

Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչն էլ հարց ուղղեց Գրիգորյանին: Նա ասաց, որ վերջինս նշում էր, թե պատասխանողի խոսքերն ուղղված չեն Սեդրակ Քոչարյանին, այնինչ լրագրողների հետ ճեպազրույցում Վանեցյանը հաստատել է, որ իր ասածները վերաբերում են Քոչարյանների ընտանիքին, այդ թվում նաև Սեդրակ Քոչարյանին:

Անի Ալավերդյանը նշեց, որ դատական նիստից հետո որպես ապացույց կներկայացնի Արթուր Վանեցյանի ճեպազրույցը կայացած 21.02.19 թվականին՝ կառավարության նիստից հետո, որտեղ Ա. Վանեցյանը նշում է, որ իր խոսքերը վերաբերում են նաև Սեդրակ Քոչարյանին:

Գրիգորյանն էլ նշեց, որ դա փաստ չէ, բայց եթե ցանկանում է, կարող է հայցվոր կողմը ներկայացնել դա:

Դատարանը որոշեց, որ այն փաստը, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին մամուլի ասուլիսում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից արված հայտարարությունները չեն արատավորում Սեդրակ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը, չեն հանդիսանում փաստացի տվյալներ, և որ առկա չէ զրպարտություն, դրանց ապացուցող բեռը պետք է դնել պատասխանողի վրա:

Դատարանը նախնական դատական նիստը համարեց ավարտված և որոշեց սույն գործով դատաքննությունը նշանակել 2019 թվականի հունիսի 25-ին՝ ժամը 15:30-ին: Հայցվոր կողմը դատարանին ապացույցները կներկայացնի ապրիլի 25-ին: