ՀՀ ինքնակամ վերադարձող միգրանտների թիվը կտրուկ աճել է,բայց նրանք վերաինտեգրման խնդիր ունեն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների։ Քննարկվել են աշխատանքային միգրացիային առնչվող հարցեր: Այս մասին հայտնում են նախարարությունից:

«Մեր կողմից իրականացվող շատ ծրագրեր այս կամ այն կերպ խաչվում են միգրացիայի հետ: Խոսքը, մասնավորապես, զբաղվածության, աշխատանքային միգրացիայի կառավարման, թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում իրականացվող աշխատանքների մասին է: Ուրախ եմ հանդիպման համար, քանի որ մեր կողմից մշակվող ռազմավարությունների, ծրագրերի արդյունավետությունը կախված է նաև ոլորտում բազմամյա աշխատանքային փորձ ունեցող մեր գործընկեր կազմակերպությունների կողմից վերհանված խնդիրների հավաքագրումից և նրանց լավագույն փորձի տեղայնացումից»,- նշել է  Զարուհի Բաթոյանը։

Նախարարը տեղեկացրել է, որ ակտիվ աշխատանքներ են իրականացվում ժողովրդագրության, զբաղվածության ոլորտներում և շեշտել, որ ակնկալում է սերտ համագործակցություն տեղական և միջազգային կառույցների հետ։ «Ուրախ եմ նշել, որ մեր մտահոգություններն ու տարվող աշխատանքները մեզ հետ կիսում է ողջ կառավարությունը: Դրա օրինակը տարբեր միջգերատեսչական աշխատանքային խմբերի ստեղծումն է, որոնց ակտիվ գործունեությունը լավագույն արդյունքի գրավականներից մեկն է: Մեզ համար կարևոր է, որ մեր ծրագրերը կարող ենք ներկայացնել ամենաբարձր մակարդակում՝ ակնկալելով Կառավարությունում աշխատող մեր գործընկերների աջակցությունը»,- ասել է նախարարը:

Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը տեղեկացրել է, որ կազմակերպությունը Հայաստանում առաքելություն իրականացնում է 1993 թ.-ից՝ հակամարտության հետևանքով առաջացած խնդիրների լուծման նպատակով: Վերջին 15 տարիներին առաքելության մանդատը զգալիորեն փոփոխվել և ընդլայնվել է՝ ներառելով հատկապես տեխնիկական աջակցության տարրեր։ «Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ զբաղվածության ոլորտում առկա բոլոր խնդիրները այս կամ այնկերպ առնչվում են միգրացիոն հարցերին: Մեր ուսումնասիրությունները և վիճակագրական տվյալները փաստում են, որ միգրացիոն հոսքերի շուրջ 90 %-ը կապված են զբաղվածության հետ: Աշխատանքային միգրացիայի դեպքում՝ մարդկանց իրավունքների պաշտպանությունը լուրջ խնդիրներ է առաջացնում»,-ընդգծել է նա:

Իլոնա Տեր-Մինասյանը տեղեկացրել է նաև, որ կազմակերպությունը աշխարհի ավելի քան 20 երկրներում իրականացնում է ինքնակամ վերադարձի աջակցության ծրագիր: Հայաստան ինքնակամ վերադարձող միգրանտների թիվը, ըստ ՄՄԿ-ի, միջինում կազմել է տարեկան 150-200 մարդ, սակայն վերջին երկու տարիների ընթացքում կազմակերպությունն աջակցել է ավելի քան 1800 մարդու. «Ինքնակամ վերադարձի դեպքում ևս գլխավոր հարցը մնում է զբաղվածության խնդիրը: Վերաինտեգրումը չափազանց կարևոր և ցավոտ հարց է այն միգրանտների համար, ովքեր որոշել են վերադառնալ հայրենիք»,- ասել է ՄՄԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարը: