Ցեղասպանությունը ճանաչած երկրների թվի աճը հույժ կարևոր է, դա բարոյական հարց է․ Արսլան

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 24, 24News

1

«TEMPI» պարբերականը հայերի ցեղասպանության 104-րդ տարելիցին հոդված է հրապարակել հայկական արմատներով իտալուհի գրող Անտոնիա Արսլանի՝ Մեծ եղեռնի մասին պատմող «Արտույտների ագարակը», «Զմյուռնիայի ճանապարհը» վեպերի հեղինակի մասին։  

«Երբ որևէ երկրում Ցեղասպանության ճանաչմանն ուղղված փորձեր են արվում, ինչպես շաբաթներ առաջ եղավ Իտալիայում, նույն սցենարն է կրկնվում. Թուրքիան բողոքում է, հետ է կանչում է տվյալ երկրում իր դեսպանին և այլն: Եթե Կատանձարո շրջանի որևէ փոքրիկ համայնք Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև է ընդունում, Թուրքիան սպառնում է խզել Իտալիայի հետ տնտեսական հարաբերությունները: Դրանք ինքնաբուխ արձագանքներ են, որոնք ի վերջո ոչ մի հետևանք չեն ունենում»,- ասել է գրողը:

Հարցին՝ ի՞նչ կարևորություն կարող է ունենալ հայերի ցեղասպանությունը ճանաչած երկրների թվի աճը, Արսլանը ասել է, որ որևէ գործնական հետևանքներ չի ունենա, բայց դա բարոյական հարց է:

«Թուրքիայի իշխանությունը կարող են բողոքել, սպառնալ հետ կանչել դեսպաններին, սակայն Ցեղասպանությունը ճանաչած երկրների թվի աճը մեզ համար հույժ կարևոր է, դա ուղղակի բարոյական հարց է: Այդ դեպքում Թուրքիան այլևս չի կարող ասել, որ ցեղասպանությունը հայերի կողմից մշակված դավադրություն է: Ցավոք, այդ կարծիքն է՛լ ավելի է ամրապնդվում միջազգային մակարդակով»,- ասել է Արսլանը՝ կարևորելով Մեծ եղեռնի մասին խոսելու անհրաժեշտությունը:

Հոդվածի շրջանակում լրագրողն անդրադարձել է նաև 2019 թվականի ապրիլին  Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից ընդունված բանաձևին, որը կոչ է անում Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դրան միջազգային հնչեղություն տալ։ 

Պատգամավորների պալատի ընդունած որոշումից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն հետ է կանչել Իտալիայում իր երկրի դեսպանին:

Հայ արմատներ ունեցող գրողի՝ Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վեպը լույս է տեսել 2004 թվականին, պատմում է Օսմանյան կայսրության օրոք Անատոլիայում ապրող հայերի ողբերգության մասին: «Արտույտների ագարակը» վաճառվել է 1 մլն օրինակով՝ արժանանալով 15 գրական մրցանակի։ 2007 թվականին գրքի սյուժեի հիման վրա Վիտտորիո և Պաոլո Տավիանի եղբայրները նկարահանել են «Արտույտների ագարակը» ֆիլմը: