«Աստված ցանկանո՞ւմ էր՝ լինի ցեղասպանություն, ու՞ր էր Քրիստոս»․ հոգևոր դասը՝ ապրիլի 24-ին

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 24, 24News

Գարեգին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք ր Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ ապրիլի 24-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակների զետեղումից հետո, նախագահությամբ Վեհափառ Հայրապետի եւ ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ու պետական այրերի, կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Պատարագի սրբազան արարողությանը: Այս առիթով հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակաց մասունքարանը:

1

Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան, Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) հոգեւոր տեսուչ, կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը:

Սուրբ Պատարագի ընթացքում Հոգեշնորհ Հայր Սուրբը, անդրադառնալով օրվա խորհրդին, ի մասնավորի նշեց. «....Արդյոք Աստված ցանկանո՞ւմ էր, որ տեղի ունենար ցեղասպանությունը, եւ երկրորդ՝ ու՞ր էր Քրիստոս:

1

Նախ ինչո՞ւ Աստված թույլ տվեց մեր ժողովրդի դաժան կոտորածը: Այս հարցի առջեւ պետք է դնել մեկ այլ հարց` արդյո՞ք Աստված ցանկանում էր Իր Որդու չարչարանքներն ու մահը: Իմանալով Աստծո բարությունն ու սերը, գթությունն ու ողորմածությունը՝ կարող ենք ասել, որ Աստված չէր կամենում այդ արյունալի չարագործությունները: Մեր ժողովուրդը մի նոր Հոբ էր: Իրապես, աստվածաշնչյան Հոբի կերպարի մեջ կարող ենք մարմնացած տեսնել մեր ժողովրդի համբերությունը, նվիրվածությունը, առ Աստված ունեցած հավատարմությունը: Եթե առաքյալը երանի է տալիս այն մարդուն, անհատին, որ փորձության մեջ ընկնելով՝ չի կորցնում հավատարմությունն առ Աստված, ապա որքան առավել եւս երանելի է մի ողջ ազգ, մի ողջ հավաքականություն, որ ընդունեց իր Գողգոթան, խաչվեց, կորցրեց ու, թվաց, թե կորսվեց, բայց, ահավասիկ, խոսում ենք մեր լեզվով, հավատում մեր կրոնով եւ վայելում արդեն սրբացած մեր բյուրավոր նահատակների բարեխոսական օրհնությունը:

1

Ու՞ր էր Քրիստոս, երբ մի ողջ ժողովուրդ սրի էր քաշվում եւ ոչնչացվում: Մեր Տեր Հիսուս Քրիստոս Իր ժողովրդի մեջ էր, չարչարվում էր նրա հետ միասին եւ կրկին լսվում էր գոչյունը սաստիկ. «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի, Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ» (Մատթ. 27.46):

Այո՛, ցեղասպանությամբ սրբացած մեր նախնիները հանդիպեցին Քրիստոսի անվան համար երբեւէ տեղի ունեցած ամենամեծ չարիքին»:

Հայր Թովման խոսեց նաեւ ցեղասպանություն իրագործած պետության եւ ժողովրդի ժառանգների հանդեպ ներողամտություն դրսեւորելու վերաբերյալ:

«Ներման մասին կարող է խոսք լինել միայն, եթե մեղավորը զղջում է, խոստովանում կատարած հանցանքը եւ պատրաստակամություն դրսեւորում փոխհատուցելու վնասը: Իհարկե, մեր պարագայում անհնար է խոսել փոխհատուցումից, քանի որ բարոյական վնասն այնքան խորն ու անբովանդակ է, որ թե՛ եկեղեցական եւ թե՛ աշխարհիկ իրավական չափանիշներով հնարավոր չէ մեր ժողովրդին պատճառած վնասի փոխհատուցումը սահմանել»,- հաստատեց Հայր Սուրբը՝ հավելելով, որ աշխարհը պարտավոր է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը նախ եւ առաջ հենց ինքն իր համար, որպեսզի չկրկնվեն հոլոքոստները, Ռուանդայի եւ Նիգերիայի ժողովուրդների ցեղասպանությունները, որպեսզի աշխարհի երեսից իսպառ վերանա հանցագործությունների հանցագործությունը՝ ցեղասպանությունը:

1

Թովմա վարդապետն ընդգծեց, որ ցեղասպանված հայ ժողովրդի սուրբ նահատակների պատգամն այսօրվա իր սերունդին` առավել հավատքի մարդ, աշխատասեր ու տքնաջան, հայրենի հողին կառչած ու միասնական լինելն է:

Վերջում Հայր Սուրբը հորդորեց ամենքին զորանալ Տիրոջ Սուրբ Հարության շնորհներով, աղոթել մեկը մյուսի համար, լինել միաբան ու միասնական եւ բյուրավոր սուրբ նահատակների զորավոր բարեխոսությունը հովանի լինի բոլորի վրա:

Սուրբ Պատարագի ավարտից հետո, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Տաճարի շրջափակում` Աղոթքի եւ ուխտի խաչքարի առջեւ, կատարվեց Հայոց նահատակների բարեխոսական կարգը»: