ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 24, 24News
Ավստրալիայի հայ համայնքը հրաժարվել է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի հիշատակի պաշտոնական միջոցառման ժամանակ ընթերցել երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնի հայտարարությունը: Այս մասին հաղորդում է The Sydney Morning Herald պարբերականը:
Իր հայտարարությունում Մորիսոնը նշել է, որ Ավստրալիան միանում է հայկական սփյուռքին՝ «սգալու և հիշելու այն սարսափները, որոնք տեղի են ունեցել հայ ժողովրդի հետ Օսմանյան կայսրության վերջին տարիներին»:
Ավստրալիայի հայկական համայնքը Մորիսոնի ձևակերպումներն անվանել է «վիրավորական հետընթաց»:
2011թ. խորհրդարանում ելույթի ժամանակ դեռ ընդդիմադիր Սքոթ Մորիսոնը հայ ժողովրդի կոտորածը բնութագրել էր որպես «ցեղասպանություն»՝ այն անվանելով մարդկության դեմ իրականացված ամենասարսափելի հանցագործություններից մեկը:
Ավստրալիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումն է հայերի դեմ իրականացված վայրագությունները ցեղասպանություն չկոչել: Ավստրալիայի հայկական համայնքի ղեկավարները պարբերաբար դատապարտում են կառավարության այս դիրքորոշումը: