Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ՌԴ խոշոր քաղաքներում ընթացել են տասնյակ միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

1

Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու վանական համալիրի տարածքում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի դիմաց ապրիլի 24-ին  տեղի է ունեցել ծաղկեպսակների տեղադրման և ծաղիկների խոնարհման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։

Ինչպես տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, արարողությանը մասնակցել են Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ-ում և տարածաշրջանային կառույցներում ՀՀ լիազոր ներկայացուցիչները, հայ համայնքային կառույցների ղեկավարները, դեսպանության անձնակազմն ու բազմաթիվ մոսկվաբնակ հայեր։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու դեսպան Վարդան Տողանյանը  ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ուղեկցությամբ մասնակցել են նաև Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում անցկացված մոմավառության արարողությանը։

Ապրիլի 24-ին եկեղեցում կատարվել է նաև Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։

Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Մոսկվայում և ՌԴ խոշոր քաղաքներում նախաձեռնված են տասնյակ միջոցառումներ։