«Fresno Bee»-ն համեմատել է Թրամփի, Օբամայի, Ռեյգանի՝ 1915 թ․-ի մասին հայտարարությունները

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 25, 24News

1

«Fresno Bee» պարբերականն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձին՝ նշելով, որ Սպիտակ տան հայտարարության մեջ այս տարի ևս չխոսվեց ցեղասպանության ճանաչման մասին:

«Ռոնալդ Ռեյգանից հետո ԱՄՆ որևէ նախագահ պաշտոնական կարգավիճակ չի տվել թուրքական իշխանության օրոք քրիստոնյա հայերի հետ պատահածին: Թրամփն օգտագործեց «20-րդ դարի վատագույն զանգվածային դաժանություններից մեկը» արտահայտությունը՝ կրկնելով Սպիտակ տանն իրեն նախորդածների ձևակերպումները: Օրինակ, Բարաք Օբաման 2015 թվականանի ուղերձում կատարվածն անվանել էր «20-րդ դարի առաջին զանգվածային վայրագություն»»,-գրում է պարբերականը:

«Fresno Bee»-ն նաև հիշեցնում է, որ ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1981 թվականի հրեաների Հոլոքոստի մասին խոսելիս անդրադարձել էր նաև հայերի ցեղասպանությանը:

«Ինչպես նախքան այդ տեղի ունեցած հայերի ցեղասպանությունը, դրան հաջորդած կամբոջացիների ցեղասպանությունն ու շատ այլ ազգերի նմանատիպ բռնաճնշումները, այնպես էլ Հոլոքոստի դասերը երբեք չպետք է մոռացվեն»,-ասել էր Ռեյգանը:

Պարբերականի հոդվածում հեղինակը ներկայացրել է նաև նախագահ Թրամփի ուղերձը հայերին։