Արթուր Ալեքսանյանի ըմբշամարտի դպրոցը ինչու՞ մինչև հիմա չի նորոգվել․ վարչապետը՝ Ղազարյանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

Կառավարության ասյօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի խնդրին:

Նա ասաց՝ առնվազն մի քանի անգամ հեռուսատցույցով լսել է, որ պատրաստվում են նորոգել Արթուր Ալեքսանյանի ըմբշամարտի մարզադպրոցը, որտեղ 600 երեխա է մարզվում:

«Ի՞նչն է պատճառը, որ մինչև հիմա չենք արել դա»,- Սպորտի նախարարի պաշտոնակատարից հետաքրքրվեց վարչապետը:

«Այս հարցն արդեն քննարկվում է 2015 թվականից, հարցը ոչ թե Արթուր Ալեսքանյանի անվան մարզադպրոցն է, այլ այն, որ այդ դպրոցում բազում երեխաներ են մարզվում ու ամեն տարի մենք Քաղշինկոմիտեին ներկայացնում էինք առաջնահերթություններ»,- ասաց Գաբրիել Ղազարյանը:

Նա նշեց, որ երեկ Քաղշինկոմիտեի նախագահի հետ զրուցել են այս թեմայի շուրջ ու այսօր կամ վաղը պետք է հանդիպեն ու գումարային տեսքի հարցով բանակցություններն առաջ տանեն:

«Սա իրականում առաջանհերթ հարցերից է»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ այս հարցով պետք է անցնել գործնական փուլի:

«Ես գիտեմ, որ երկու տարբերակ կա՝ վերանորոգելու կամ նոր շենք կառուցելու, ինձ ասացին, որ  դրանցից մեկը մոտավորապես արժի 400-500  միլիոն դրամ, եկեք պայմանավորվենք հետևյալը՝ շատ արագ հաշվարկները իրականացնենք, Արթուր Ալեքսանյանին ու իր թիմին ներգրավենք, գումարը հատկացնենք ու արագ սկսենք շինարարությունը»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի  խոսքով՝  այն մարզիկներն, ովքեր ոգեշնչման օրինակ են, պետք է տեսնեն, որ Հայաստանը գնահատում է իրենց վաստակը պետության առաջ: