ԲՀԿ-ականները լքեցին դահլիճը․ «Շուտ պիտի գայիք, շուտ լքեիք»․ Թունյանը՝ Զոհրաբյանին

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 25, 24News

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է, որ ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ ներկայացնելուց առաջ նախագծի քննարկման համար աշխատանքային խումբ կստեղծվի։

«Խմբում կլինեն ներկայացուցիչներ նաև գործադիրից՝ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններից»,- ասել է ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը և հավելել, որ խմբում կընդրկվեն նաև ցեմենտ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներ, տրանսպորտի և շինարարության ոլորտում գործունեություն իրականացնողներ, անկախ տնտեսագետների, հարկ եղած դեպքում՝ աուդիտորների։

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը ասել է, որ ԲՀԿ-ն կողմնակից է բովանդակային քննարկում անցկացնելուն, բայց խմբակցությունն այդ աշխատանքին չի մասնակցի, ապա հավելել, որ Գագիկ Ծառուկյանն այս հարցում շահագրգիռ անձ չէ։

«Ինչ էլ որոշվի, դրա պատասխանատվությունը լինելու է քաղաքական մեծամասնության վրա։ Մենք չենք մասնակցելու քննարկումներին, ինչ էլ կորոշեք, մեզ համար ընդունելի կլինի այդ որոշումը», - հայտարարել է Մելքումյանը։

Ի պատասխան Թունյանն ասել է, որ եթե ինչ-որ պահի ԲՀԿ-ն կփոխի կարծիքը, կարող է միանալ աշխատանքային  խմբին.

«Կյանքը ցույց կտա, շնորհակալությո՛ւն, մենք լքում ենք դահլիճը»,- հայտարարել է Մելքումյանը։

«Քաղաքական մեծամասնությունը կրում է քաղաքական պատասխանտվություն բոլոր հնարավոր հետևանքների համար։ Մենք ըմբռնումով կմոտենանք ձեր կրելիք քաղաքական պատասխանատվությանը»,-հավելել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյան և Մելքլումյանի հետ լքել դահլիճը։

Թունյանն արձագանքել է․ «Ուշ լքեցիք, շուտ պիտի գայիք, շուտ լքեիք, չհասցրիք»։