ՊՎԾ պաշտոնյա Սամվել Ադյանն ազատ արձակվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 25, 24News

1

Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, հեմոդիալիզի գործով մեղադրյալ Սամվել Ադյանն այսօր առավոտյան ազատ է արձակվել «Երևան-Կենտրոն»  ՔԿՀ-ից։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ապրիլի 23-ին մերժել էր Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդությունը՝ ևս երկու ամսով երկարացնել հեմոդիալիզի գործով մեղադրյալ Սամվել Ադյանի կալանքի ժամկետը։  

Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը հայտնել էր, որ Ադյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը լրանում է ապրիլի 25-ին, և չի բացառվում, որ նա այդ օրն ազատ արձակվի։ 

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը։ 
Փետրվարի վերջին ԱԱԾ-ն հայտնեց, որ քրեական գործ է հարուցվել Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) գնումների գործընթացների վերահսկողության վերաբերյալ՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և այլ հոդվածներով։ Մասնավորապես, հեմոդիալիզի պարագաների մրցույթների գործով մեղադրանք էր առաջադրվել ծառայության երկու աշխատակցի՝ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանին և բաժնի գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանին, որն ստորագրությամբ ազատ է արձակվել։

ՊՎԾ պաշտոնյաների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու մասին քրեական գործով անցած շաբաթ մեղադրանք է առաջադրվել ծառայության պետ Դավիթ Սանասարյանին, նրա լիազորությունները կասեցվել են: