Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Մոսկվայում հարգանքի տուրք են մատուցել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

1

Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիրի տարածքում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի դիմաց ապրիլի 24-ին  տեղի ունեցավ ծաղկեպսակների տեղադրման և ծաղիկների խոնարհման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։

Ինչպես  հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, արարողությանը մասնակցում էին Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ-ում և տարածաշրջանային կառույցներում ՀՀ լիազոր ներկայացուցիչները, հայ համայնքային կառույցների ղեկավարները, դեսպանության անձնակազմն ու բազմաթիվ մոսկվաբնակ հայեր։

Նախարար Տոնոյանն ու դեսպան Տողանյանը՝ ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ուղեկցությամբ, մասնակցեցին Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում անցկացված մոմավառության արարողությանը։

Ապրիլի 24-ին եկեղեցում կատարվեց նաև Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։

Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Մոսկվայում և ՌԴ խոշոր քաղաքներում անցկացվեցին հիշատակի բազմաթիվ միջոցառումներ։