«Արարատցեմենտ»-ը պատրաստ է մասնակցել ԱԺ-ում ձևավորվող աշխատանքային խմբի քննարկումներին

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 25, 24News

Արարատ

«Արարատցեմենտ» ՓԲԸ-ն hայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Քանի որ «Արարատցեմենտ» գործարանի հետ կապված քննարկումները չեն դադարում, հարկ ենք համարում անդրադառնալ ստեղծված իրավիճակին:

Օրեր առաջ՝ ԱԺ-ում «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու քննարկման ժամանակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն իր ելույթում մի քանի դիտարկումներ էր հնչեցրել «Արարատցեմենտ»-ի մասին, որոնք, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում: Հայկ Գևորգյանը՝ հղում անելով կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1465-Ա որոշմանը, հայտարարել էր, թե գործարանը Գագիկ Ծառուկյանը ձեռք է բերել 200,000 ԱՄՆ դոլարով: Այո՛, այդ որոշման մեջ կա նման կետ, բայց դա իրականություն պետք է դառնար միայն այն դեպքում, երբ, նույն որոշման 3 կետի բ ենթակետի համաձայն, գնորդը մասնավորեցման պայմանագրի ստորագրման օրվանից 3 օրվա ընթացքում «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանն ազատեր «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիայի կողմից մատակարարված բնական գազի դիմաց ապրանքային վճարումների գծով առաջացած պարտքերից` 6,866 մլն ԱՄՆ-ի դոլարի արտարժութային վճարման չափով (9,7 մլն ԱՄՆ-ի դոլարի ապրանքային մատակարարմանը համարժեք)՝ կնքելով պարտքից ազատման համապատասխան գործարք: 

Սրանից զատ՝ գործարանն ունեցել է կուտակված բազմաթիվ այլ պարտքեր ևս ընդհանուր 1 միլիարդ 400 միլիոն դրամի սահմաննում, որոնք փակելու դեպքում էր միայն հնարավոր շահագործել գործարանը: 

Անդրադառնանք նաև այն պնդմանը, թե շվեյցարական «Հոլսիմ» ընկերությունը պատրաստ է եղել 35 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում կատարել «Արարատցեմենտ»-ում, սակայն անհասկանալի պատճառներով ներդրումները չեղարկվել են: Պաշտոնապես տեղեկացնում ենք, «Հոլսիմ» ընկերությունը բավականին երկար ուսումնասիրել է գործարանում տիրող իրավիճակը և տեսնելով գործարանի հավելյալ պարտքերն ու անմխիթար վիճակը,  առաջնահերթ դիտարկելով սեփական բիզնես շահը՝ պարզապես հրաժարվել է ներդրումներ կատարելուց:

Նշենք նաև, որ 2002 թվականին «Ռոբերտո» ընկերության կողմից «Արարատցեմենտ» գործարանի մասնավորեցումից միայն ամիսներ հետո է Գագիկ Ծառուկյանը ձեռք բերել բաժնեմասերի 25 տոկոսը, իսկ հետագայում արդեն՝ 2006 թվականին, նոր միայն ձեռք է բերել մնացած 75 տոկոսը:

Անդրադառնանք նաև այն դիտարկմանը, թե «Արարատցեմենտ»-ի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի կողմից ներդրումներ չեն կատարվել:

Այս տարիների ընթացքում սեփականատիրոջ կողմից կատարվել է շուրջ 6.2 միլիարդ դրամի ներդրում, որը հստակ արտացոլված է գործարանի հաշվեկշիռներում: Եվ սա այն դեպքում, երբ այս 6.2 միլիարդ դրամում հաշվարկված չէ 2003 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Գագիկ Ծառուկյանի կողմից գործարանը նախագծողներին Հայաստան հրավիրելու, բարձր որակ ապահովելու նպատակով նոր սարքավորումների ձեռքբերման ծախսերը: Հենց այս աշխատանքների շնորհիվ էր, որ կարճ ժամանակահատվածում հայկական ցեմենտի համբավը սկսեց տարածվել ամբողջ Կովկասի տարածաշրջանում, իսկ «Արարատցեմենտ»-ի բացառիկ որակի մասին մասնագիտական գնահատականները բազմաթիվ էին:

Մենք հարկ չէինք համարի այսքան մանրամասնորեն անդրադառնալ այս հայտարարություններին, եթե այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից հերթական անգամ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունը չտարածվեր «Արարատցեմենտ» գործարանի մասին: ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն այսօր հայտարարել է, թե 2016 թվականին ԱԺ-ն օրենք է ընդունել, համաձայն որի «Արարատցեմենտ» գործարանն ազատվել է 500 միլիոն դրամի սահմաններում հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերի վճարման պարտավորությունից: Բաբկեն Թունյանը մեղմ ասած սուտ տեղեկություն է տալիս, քանի որ իր մատնանշած օրենքով այդ 500 միլիոնի արտոնությունը տրվել է «Հրազդանի ցեմենտի գործարան»-ին:

«Արարատցեմենտ» գործարանը պաշտոնապես հայտարարում է, որ պատրաստ է ակտիվորեն մասնակցել խորհրդարանում ձևավորող աշխատանքային խմբի հրապարակային քննարկումներին, որտեղ առաջինից երկրորդ ընթերցումով քննարկվելու է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցը:

Մենք պատրաստ ենք մեր մասնագիտական գիտելիքներն ու այս ոլորտում աշխատանքի երկարամյա գործընթացում ձեռք բերած փորձառությունն օգտագործել արդյունավետ քննարկումների անցկացման նպատակով:

Կարծում ենք, որ աշխարհաքաղաքական այս իրավիճակում ռազմավարական նշանակություն ունեցող ցեմենտի գործարանի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված քայլերը բխում են համընդհանուր շահերից», - ասված է հայտարարության մեջ: